Չորսամյա գործունեության ընթացքում առաջին անգամ Մատենադարանի աշխատողների արհմիությունը կարողացավ Մատենադարանի շենքում աշխատաժողով գումարել տնօրենության և աշխատակիցների հետ, որը նվիրված էր Մատենադարանի կանոնադրական փոփոխությունների փաթեթի քննարկմանը։ Ժողովին արհմիության հրավերով ներկա էր Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը։
Ելույթներով հանդես եկան Մատենադարանի արհմիության նախագահ Անուշ Սարգսյանն ու փոխնախագահ Ալա Խառատյանը և Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մաթևոսյանը։ Ալա Խառատյանը ներկայիս կանոնադրության համեմատությամբ ներկայացրեց առաջարկվող փոփոխությունների նախագիծը։ Տնօրենի պաշտոնակատար Կարեն Մաթևոսյանը կարևորեց տնօրենության և արհմիության համագործակցության հետագա ընդլայնումը։ Քննարկումը անցավ համագործակցային և կառուցողական մթնոլորտում, ներկաները ողջունեցին փոփոխությունների փաթեթը։ Աշխատակիցները բարձրացրին նաև իրենց հուզող մի շարք հարցեր։ Արհմիության անդամ Հայկ Հակոբյանն առաջարկեց ավելացնել նաև բազմապաշտոնության բացառման կետ, քանի որ Մատենադարանում ձևավորվել է խմբային ղեկավարման մշակույթը. մի խումբ աշխատակիցներ զբաղեցնում են երկու վարչական պաշտոն միաժամանակ լինելով նաև Մատենադարանի գիտական խորհրդի և Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի, Մատենադարանում գործող երկու հիմնադրամների կազմում, ինչպես նաև Մատենադարանի երկու պարբերականների խմբագրակազմերում։ Կան դեպքեր, որ պաշտոնավարում են ինչպես Մատենադարանում, այնպես էլ Մատենադարանից դուրս։
Քննարկման վերջում Մատենադարանի երկարամյա աշխատակից Արծրունի Սահակյանը ողջունեց Արհմիության գործունեության կարևորությունը և հրապարակային հայտ ներկայացրեց արհմիության կազմում ընդգրկվելու համար։

