Կանանց միջազգային օրն աշխարհի արհմիությունները ընդգծում են կանանց ներդրումը խաղաղության, ժողովրդավարության և արդարության վերականգնման մեջ։
Աշխարհով մեկ այսօր կանայք ամենամեծ գինն են վճարում միջազգային և ներպետական կոնֆլիկտներում։ Աֆղանստանում կանայք և աղջիկները զրկված են դպրոց հաճախելու և աշխատելու իրավունքից՝ օրեցօր ենթարկվելով բռնության։ Իրանի կնատյաց ռեժիմի կողմից վերջին կես տարում սպանվել են հարյուրավոր կանայք, տասնյակ հազարավորները ձերբակալվել են կամ ենթարկվել մահապատժի։ Ուկրաինայում հազարավոր կանայք և երեխաներ օկուպանտների կողմից ենթարկվում են զանգվածային սպանդի, խոշտանգումների և առևանգումների։
Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով տասնյակ հազարավոր կանայք և երեխաներ զրկված են առաջին անհրաժեշտության և հիգիենայի պարագաներից, լիարժեք սնվելու իրավունքից։
Կոնֆլիկտների ու հումանիտար ճգնաժամերի անվերջանալի շարանում՝ Սիրիայում, Յեմենում, Տիգրայում, Մյանմառում կանայք ոչ միայն հարձակման կիզակետում են, այլ նաև առաջնագծում և թիկունքում։ Նույնիսկ խաղաղ և ժողովրդավար երկրներում՝ ԱՄՆ-ում, Լեհաստանում և այլն, իշխանությունները կանանց հանդեպ հաճախ վարում են խտրական քաղաքականություն, զրկում են վերջիններիս իրենց հիմնարար իրավունքներից։
«Խաղաղության ու ժողովրդավարության հնարավոր չէ հասնել առանց կանանց համար լիարժեք հավասարության ու ներառականության», – նշում է Միջազգային արհմիությունների կոնֆեդերացիայի (ITUC) նախագահ Ակիկո Գոնոն։
Միաժամանակ, քաղաքական իշխանության մարմիններում կանանց ներգրավածությունը շարունակում է ցածր մնալ, իսկ հանրային ծառայությունները, քաղաքներն ու ենթակառուցվածքները հեռու են կանանց համար անվտանգ և հարմար լինելուց։
20 միլիոն հանրային ծառայողներ միավորող Հանրային ծառայությունների ինտերնացիոնալի (PSI) նախագահ Ռոզա Պավանելին նշում է, որ արհմիությունը պայքար է ծավալում մի քանի ուղղություններով, ինչպիսիք են սոցիալական աշխատանքի ոլորտի բարեփոխումը, հանրային ծառայությունների և առողջապահական համակարգի համապատասխանեցումը կանանց վերարտադրողական իրավունքների լիարժեք իրացման համար, պետությունների կողմից կնասպանության դեմ պայքարը։
Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը բարձր է գնահատում ՀՀ պետական և համայնքային ոլորտներում կանանց դերը մեր պետության, համայնքների և հանրային ծառայությունների անխափան ամենօրյա աշխատանքն ապահովելու գործում՝ մաղթելով շարունակական եռանդ մարտահրավերներին դիմակայելու համար։
Շնորհավորում ենք Կանանց միջազգային օրը։
