«Առավոտ» օրաթերթում մարտի 12-ին հրապարակվել է «Տաթևացու գործերում ա՞յլ բան պետք է փնտրեինք, թե՞ «դուխովը» գրաբարյան հռչակեինք» վերնագրով Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի արձագանքը ավելի վաղ Մատենադարանի արհեստակցական կազմակերպության ներկայացուցիչների տված ասուլիսին։
Որոշեցի արձագանքել հարցազրույցին, քանի որ այն ամբողջությամբ ապատեղեկատվություն էր։
Մատենադարանի տնօրենը արհմիության գործունեությունը որակում է որպես «ակնհայտ չարախոսության եւ զրպարտության տարածում», ինչը, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը։ Հակառակը, իր հարցազրույցում հենց Տեր-Ղևոնդյանն է սուտ տեղեկություններ տարածում արհեստակցական կազմակերպության մասին։ Տնօրենի հայտարարությունը, որ արհեստակցական կազմակերպությունը ընդհամենը 3 հոգով ստեղծված ՀԿ է, բացահայտ սուտ է։ Արհեստակցական կազմակերպությունը ստեղծվել է Մատենադարանի մի շարք աշխատակիցների կողմից և գրանցվել իրավաբանական անձանց պետական ռեգիստրում` համաձայն «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքի, որպես արհեստակցական կազմակերպություն և համաձայն օրենքի էլ անվանվել է այն կազմակերպության անունով, որի աշխատողներին միավորում է։ Դրա մասին Տեր-Ղևոնդյանը քաջատեղյակ է, քանի որ արհեստակցական կազմակերպությունը ստեղծման օրվանից բազմաթիվ խնդիրների մասին է բարձրաձայնել, գրավոր նամակներով է դիմել տնօրինությանը, նույնիսկ մասնակցել տարբեր քննարկումների։ Հենց ստեղծման օրվանից արհեստակցական կազմակերպությունը դարձել է Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության անդամ, ինչի մասին ևս տնօրենը տեղյակ է, քանի որ ես, որպես ճյուղային արհմիության նախագահ, գրությամբ դիմել եմ տնօրենին և ներկայացրել արհմիության գործունեության հիմքերը և տնօրենի պարտավորություններն արհմիության նկատմամբ։
Պետք է շեշտեմ ևս մեկ անգամ, որ մեր ճյուղային արհմիությունը, ինչպես ստեղծման, այնպես էլ գործունեության ընթացքում տրամադրել է Մատենադարանի աշխատողների արհեստակցական կազմակերպությանն անհրաժեշտ իրավական աջակցություն, իսկ պետական ռեգիստրի գրանցումն իրականացվել է մեր աշխատակազմի ջանքերով և միության միջոցներով։ Արհեստակցական կազմակերպության անդամները վճարում են կանոնադրությամբ սահմանված չափով անդամավճար արհեստակցական կազմակերպությանը, որից և ձևավորվում են կազմակերպության ֆինանսական միջոցները։
Տեր-Ղևոնդյանը առաջին անգամը չէ, որ կասկածներ է հայտնում, իբր Մատենադարանի արհեստակցական կազմակերպությանը ինչ-որ մեկն ուղղորդում է: Պետք է ասեմ, որ արհեստակցական կազմակերպությունում ընդգրկված անձինք բարձր գիտակցության տեր գիտնականներ են և իրենց ուղղորդելու կարիքը չկա. միաժամանակ հավաստիացնում եմ պարոն Տեր-Ղևոնդյանին, որ Մատենադարանի աշխատողների արհեստակցական կազմակերպության կողքին կանգնած է և իրենց իրավունքների իրականացմանն աջակցում ու աջակցելու է Հայաստանի պետական հիմնարկների արհմիությունն իր 12000 արհմիության անդամներ միավորող անդամ կազմակերպություններով և անձամբ ես՝ որպես արհմիության նախագահ և ՀԱՄԿ-ի գործկոմի ու խորհրդի անդամ։ Ի գիտություն Տեր-Ղևոնդյանի՝ Մատենադարանի աշխատողների արհեստակցական կազմակերպության նախագահ Գայանե Այվազյանը հանդիսանում է մեր ճյուղային արհմիության, ինչպես նաև Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի խորհուրդների անդամ։ Այն պնդումը, որ արհմիության անդամների թիվը կազմում է աշխատակիցների միայն մեկ տոկոսը ևս չի համապատասխանում իրականությանը։ Քանի որ արհմիության անդամ լինելը հատուկ կատեգորիայի անձնական տվյալ է և երրորդ անձանց փոխանցման ենթակա չէ, նրանց անունները այս ժամանակահատվածում արհմիությունը որոշել է դեռ չհրապարակել։ Բայց կարծում եմ, որ Տեր-Ղևոնդյանը շատ լավ գիտի, որ եթե մի բանի մասին ինքը տեղյակ չէ, դա դեռ չի նշանակում, որ այն գոյություն չունի։
Մատենադարանի տնօրենը, անդրադառնալով աշխատողների երկարացված արձակուրդներ չտրամադրելու հարցին, փորձ է անում իր չկատարած պարտավորության մեղքը գցել կառավարության վրա, սակայն այստեղ ևս ոչ ճիշտ տվյալներ է հաղորդվում ընթերցողին։ Կառավարության համապատասխան որոշումը ընդունվել է 2015 թվականին, այլ ոչ թե 2017-ին, ինչպես պատմում է Տեր-Ղևոնդյանը, և կառավարությունը չունի պարտավորություն բոլոր կազմակերպություններին հատ առ հատ տեղեկացնել ընդունված որոշումների մասին։ Որոշումները հրապարակվում են, իսկ Մատենադարանը դրա համար ունի համապատասխան հաստիքային աշխատողներ, որոնք պետք է հետևեն ՀՀ օրենսդրությանը, ընդունվող իրավական ակտերին և ապահովեն դրանց կատարումը, ինչը տեղի չի ունեցել, չնայած որ այդ աշխատակիցները վարձատրվում են պետական բյուջեից, բայց, ըստ էության, արդյունավետ չեն աշխատել և միայն արհեստակցական կազմակերպության աշխատանքի շնորհիվ հնարավոր է եղել սխալը շտկել։ Նույնն էլ տեղի էր ունեցել աշխատողների հետ կնքած աշխատանքային պայմանագրերի հետ։ Վերահսկողություն իրականցնող ոչ մի մարմին ադմինիստրացիայի սխալները չէր հայտնաբերել։ Կարծում եմ, որ տնօրենը պետք է շնորհակալ լինի արհեստակցական կազմակերպության ներկայացուցիչներին, որոնք, կատարելով իրենց առաքելությունը հասարակական հիմունքներով, բոլորովին անվճար, հայտնաբերեցին սխալները և աշխատեցին տնօրինության հետ սխալներն ուղղելու վրա։
Մատենադարանի տնօրենը առանց անհարմար զգալու արհեստակցական կազմակերպության անդամներին անվանում է երիտասարդ գիտաշխատողների խմբակ, որը «վարկաբեկում ու անվանարկում է հաստատություն»: Փաստորեն, նա ինքն իրեն նույնականացում է Մատենադարանի հետ։ Պարզվում է, որ իրեն ցավ է պատճառում, երբ աշխատողները տեր են կանգնում իրենց իրավունքներին և պահանջատեր լինում։ Պետք է ասեմ, որ տնօրենի նմանատիպ հայտարարությունները պարունակում են Հայաստանի Հանրապետության կողմից վավերացրած «Միավորման ազատության մասին» թիվ 87 հիմնարար կոնվենցիայի խախտման տարրեր։
Տեր-Ղևոնդյանը պետք է վերջապես ընդունի, որ ինքը Մատենադարան չէ, այլ միայն դրա գործադիր մարմինն է և պետք է գործի Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան, իսկ երբ ինքը սխալներ է գործում ու չի ցանկանում ընդունել և ուղղել դրանք, միայն ինքն իրեն է վարկաբեկում. կարիք չկա թաքնվել Մատենադարանի անվան ետևում։
Քանի որ տնօրենը անդրադարձավ արհեստակցական կազմակերպության դատախազություն դիմելու հարցին, ես ևս կանդրադառնամ դրան։ Մատենադարանում հեղափոխությունից հետո տեղի է ունեցել կառավարման խորհրդի նիստ, որի մասին չի իրազեկվել ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարարը, ով ի պաշտոնե պետք է լինի խորհրդի կազմում։ Նշված նիստով փոխվել է Մատենադարանի կանոնադրությունը։ Նիստի արձանագրությունը պետք է, ըստ գործող կանոնադրության, ստորագրեին խորհրդի անդամների առնվազն 2/3-ը, այսինքն գոնե 13-ը, ինչը տեղի չի ունեցել։ Չնայած դրան՝ տնօրենը պետական ռեգիստր է ներկայացրել քաղվածք արձանագրությունից, որտեղ նշել է, որը արձանագրությունը ստորագրված է 13 անդամների կողմից։ Ի՞նչ է սա, եթե ոչ կեղծիք։ Քանի որ այդ տեղեկությունը և փաստաթղթերը հայտնվել են արհեստակցական կազմակերպության ձեռքում, ղեկավար մարմինը իր քաղաքացիական պարտքն է համարել դիմել դատախազություն գործողությունների օրինաչափությունը ստուգելու համար։ Այո, մեզ համար անհայտ պատճառներով դատախազությունը մերժել է գործի հարուցումը, բայց որ կեղծիքը տեղի է ունեցել՝ անհերքելի փաստ է։
Կարծում եմ, որ պատկան մարմիններին պետք է հետաքրքրեն տեղի ունեցող գործընթացները։
Անդրադառնալով տնօրենի կողմից մատնանշված Մատենադարանի հաջողություններին, չեմ կարող չհիշեցնել, որ դրանք հնարավոր են դարձել հենց Մատենադարանի աշխատակիցների շնորհիվ։ Կարծում եմ անժխտելի է, որ առանց աշխատողների ջանքերի հնարավոր չէր լինի գրքերի, մենագրությունների, ժողովածուների, գիտական պարբերականի տպագրությունը, գիտաժողովների և ցուցադրությունների անցկացումը:
Պետք է վերջապես ընդունել, որ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավար պետություն է, ունի օրենսդրություն, որը պետք է կատարվի, իսկ ժողովրդավարությունը պետք է թափանցի նաև աշխատատեղեր։
Չնայած թվարկած խնդիրներին՝ տնօրենը եզրափակում է իր հարցազրույցը նրանով, որ Մատենադարանում երբեք չարաշահումներ չեն եղել ո՛չ նախկինում, ո՛չ հիմա: Իսկ թե ինչ են վերոնշյալ բոլոր դեպքերը, եթե ոչ չարաշահումներ՝ թողնում եմ ձեր դատին։
Այս հրապարակումով ուզում եմ շնորհակալություն հայտնել Մատենադարանում աշխատող բարձր քաղաքացիական պատասխանատվություն ունեցող այն գիտնականներին, որոնք միավորվելով և ստեղծելով արհեստակցական կազմակերպություն, ակտիվ մասնակցություն են ունենում Հայաստանում փոփոխությունների գործընթացին՝ բերելով իրենց հետ մտածելակերպի փոփոխություն։
Անահիտ Ասատրյան
Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի և հանրային ծառայությունների աշխատողների արհմիության նախագահ