Փաստելով, որ ՀՀ կառավարությունը երևացող քայլեր է ձեռնարկում աշխատանքային պայմանների բարելավման և տարբեր կատեգորիաների պետական աշխատողների վարձատրության բարձրացման ուղղությամբ, գտնում ենք, որ չափազանց կարևոր է շարունակել սևեռել ուշադրությունը հենց պետական և հանրային ոլորտներում աշխատողների վարձատրությանը և աշխատանքային պայմաններին: Հանրային հատվածի աշխատողներն են պետական հիմնասյունը, մեր պետականության կերտողը և պետության ինստիտուտների բնականոն աշխատանքի ապահովողը:
Սակայն պետք է փաստենք, որ պետական ոլորտում աշխատողների աշխատանքը շարունակում է հեռու լինել արժանապատիվ կոչվելուց: Թե՛ ներկայիս, թե՛ նախկին կառավարությունները միշտ սկսել են իրենց պաշտոնավարումը պետական ապարատը կրճատելու և օպտիմալացնելու սպառնալիքով: Ինչը պետական աշխատողներին պահում է հսկայական հոգեբանական ճնշման, սթրեսի և ընկճվածության ներքո: Նման իրավիճակը միանշանակ բացասաբար է անդրադառնում թե՛ աշխատանքի որակի, թե՛ աշխատունակության վրա: Պետական աշխատողների վարձատրությունը շարունակում է մնալ չափազանց ցածր: Անթույլատրելի է, որ իրենց կյանքն ու առողջությունը պետության զարգացմանը նվիրող աշխատողները լինեն անվճարունակ:
Մեզ պե՛տք են նվիրյալ, նախաձեռնող և պետությունը դեպի հաջողություն տանող հանրային ծառայողներ:
