Եռակողմ հանդիպում՝ «Արժանապատիվ աշխատանք» քառամյա ազգային ծրագրի ստորագրմանն ընդառաջ:
Մայիսի 3-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի է ունեցել հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստ, որին մասնակցել են Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի, Հայաստանի գործատուների հանրապետական միության և կառավարության անդամներ։ Օրակարգում ներկայացվել և քննարկվել են աշխատողների առողջության պահպանման ու անվտանգության ապահովման ոլորտում իրականացված աշխատանքները, «Արժանապատիվ աշխատանք» ծրագրի դրույթները և այլն։
Նախարար Բաթոյանը կարևորել է արհմիությունների և գործատուների միության միջև սերտ համագործակցությունը, և շեշտել, որ կառավարությունը պետք է ապահովի այնպիսի պայմաններ, որպեսզի այդ սոցիալական գործընկերությունը կայանա հնարավորինս ազատ, անկախ և անկաշկանդ միջավայրում։ Նախարարը նաև խրախուսել է գործընկերների նախաձեռնողականությունն ու առաջարկներ ներկայացնելու պատրաստակամությունը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը ներկայացրել է «Արժանապատիվ աշխատանք» ծրագիրը.
«Բավականին մեծ աշխատանքներ կատարելուց հետո, մայիսի 14-ին պատրաստվում ենք ստորագրել «Արժանապատիվ աշխատանք» քառամյա ազգային ծրագիրը, որը մեծ համագործակցության շրջանակներ է բացելու Աշխատանքի միջազգային կազմակերպության հետ»,- ասել է պարոն Սարգսյանը։
Նա ներկայացրել է ծրագրի գերակայությունները և սպասվող արդյունքները, որոնք մշակվել են երեք կողմերի հետ խորհրդակցությունների արդյունքում։ Ըստ այդմ, ենթադրվում է կատարելագործել աշխատանքային իրավահարաբերությունները կարգավորող մեխանիզմները, բարելավել զբաղվածության քաղաքականությունն ու ամրապնդել սոցիալական երկխոսությունը և կոլեկտիվ բանակցությունները։