Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստ. 26 հուլիս, 2017

Հայաստանի պետհիմնարկների արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը, Արհմիությունների կոնֆեդերացիայի ներկայացուցիչների հետ միասին մասնակցեց հուլիսի 26-ին կայացած հանրապետական եռակողմ հանձնաժողովին։

Նիստի օրակարգի հաստատումից հետո ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը ներկայացրել է «Սոցիալական աշխատանքի մասին» և ««Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որն արդեն դրվել է շրջանառության մեջ և գտնվում է քննարկումների և լրամշակման փուլում: Տիկին Մինասյանը նշել է, որ օրենքով սահմանվում են «սոցիալական աշխատանք» հասկացությունը, սոցիալական աշխատանքի սկզբունքները, սոցիալական աշխատանքի մասնագետների իրավունքներն ու պարտականությունները,  ինչպես նաև սոցիալական աշխատանքի մասնագետների պալատի գործունեության հիմնական նպատակը և խնդիրները:

Նախարար Արտեմ Ասատրյանը, անդրադառնալով օրենքի նախագծին, նշել է. «օրենսդրական նախաձեռնությունը եկել է սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից, և մենք որպես ոլորտի պետական կառավարման մարմին ընդունել ենք այդ մոտեցումը և եթե մեր գործընկերների կողմից կա պատրաստակամություն իրենց վրա ավելի շատ պարտականություններ վերցնել որպես սոցիալական աշխատողների ինստիտուցիոնալ միավորում, ապա մենք պատրաստ ենք միայն աջակցել»:

Արհմիութենական կողմը նույնպես բազմաթիվ հարցեր և մտավախություններ հնչեցրեց ներկայացված օրենքների հետ կապված։

Այնուհետև գործընկերների կողմից ներկայացվել է «Աշխատանքի միջազգային կազմակերպություն – Հայաստան» համագործակցության «Արժանապատիվ աշխատանք» ծրագրի ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն: Ըստ գործընկերների՝ անհրաժեշտություն կա ԱՄԿ-ին վերջնական փաթեթ ներկայացնելու նպատակով աշխատանքային խմբի քննարկում կազմակերպել, որպեսզի բոլոր առաջարկությունների հիման վրա լրամշակվի նախագիծը:

Անդրադառնալով  ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների ընթացքին՝ նախարար Արտեմ  Ասատրյանը նշել է, որ ՀՀ արդարադատության նախարարի հետ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո աշխատանքներն առարկայացնելու նպատակով աշխատանքային խումբ կստեղծվի, որտեղ պետք է պարտադիր մասնակցություն ունենան նաև սոցիալական գործընկերները:

Օրակարգի հարցերի  շրջանակներում քննարկվել է նաև Հայաստանի պետհիմնարկների արհմիության առաջարկը՝ ՀՀ-ում հունիսի 23-ը ընդունել որպես Հանրային ծառայողի օր:

Անահիտ Ասատրյանը իր ելույթում նշեց, որ հարկավոր է վերականգնել հասարակության՝ հանրային ծառայողի հանդեպ հարգանքը։ Պետք է հիշենք, որ հենց հանրային ծառայողներն են առաջին հարվածը վերցնում իր վրա  տարբեր ֆորս-մաժորային իրավիճակներում, սահմանամերձ գյուղերի համայնքային ծառայողներից վերջացրած ավելի ապահով վայրում, Երևան քաղաքի տարբեր աշխատանք կատարող հանրային ծառայողներով, որոնք զբաղվում են տարբեր թիրախային խմբերի խնդիրներով, գործազուրկների, հաշմանդամների, փախստականների ու բիզնեսի աջակցությամբ, հասարակական կարգի պահպանմամբ։ Նախարարը, կարևորելով նախաձեռնությունը,  նշել է. «Այս քայլով մենք ևս մեկ անգամ հնարավորություն կստեղծենք, որպեսզի կարևորվի հանրային ծառայողի դերն ու նշանակությունը հասարակության մեջ, հանրային ծառայողը հանրային բարիք ստեղծող է, ում աշխատանքը ուղղված է նոր արդյունքի ստեղծմանը, որը նախատեսված է ողջ հասարակության համար»:

Նիստի ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել վերջին հարցի վերաբերյալ ուսումնասիրել միջազգային փորձը, ձևակերպել հիմնավորումները և ամբողջականացված տեղեկատվությունը ներկայացնել նախարարություն, որի հիման վրա կմշակվի ՀՀ կառավարության որոշման նախագիծ և կներկայացվի ՀՀ կառավարություն: