ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՐՀՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԿԱՌՈՒՅՑԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՐՀՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԿԱՌՈՒՅՑԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ

Փետրվարի 20-21-ը Հայաստանում անցկացվեց Եվրոպայի հանրային ծառայությունների աշխատողների արհմիությունների դաշնության (EPSU) Հյուսիսարևելյան Եվրոպայի տարածաշրջանային տարեկան հանդիպումը:

Վրաստանից, Բելառուսից, Լատվիայից, Լիտվայից, Էստոնիայից, Ուկրաինայից Հայաստան ժամանած շուրջ երկու տասնյակ արհմիության ղեկավարների, այդ թվում՝ Հայաստանի, երկօրյա քննարկման թեմաները բազմաթիվ էին՝ տարածաշրջանում արհմիութենական խնդիրներից մինչև կազմակերպական հարցեր:

Նշենք, որ դաշնությունը համախմբում է Եվրոպայի հանրային  ծառայությունների ոլորտի արհմիությունները՝ ներկայացնելով ոլորտի 8մլն․ աշխատողների շահերը։ Հայաստանի արհմիություններից դաշնության կազմում են հանրային ծառայությունների ոլորտի շուրջ 40000 արհմիության անդամներ միավորող  Հայաստանի պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական սպասարկման աշխատողների, Հայաստանի առողջապահության աշխատողների, Հայաստանի կոմունալ-բնակարանային տնտեսության և ծառայությունների ոլորտի ճյուղային հանրապետական արմիությունները:

Հայաստանում կազմակերպված հանդիպման մասնակիցներին ողջույնի խոսքեր հղեց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Է. Թումասյանը: ՀԱՄԿ-ի նախագահը ներկայացրեց վերջին տարում մեր հանրապետությունում կատարված նշանակալի իրադարձությունները, Հայաստանի արհմիությունների ներկա կարգավիճակը, խնդիրներն ու տարվող աշխատանքները:

EPSU գլխավոր քարտուղար Յան Վիլլեմ Գաուդրիաանն իր ելույթում ներկայացրեց դաշնության առաջիկա ծրագրերը՝ մասնավորապես 2017թ. աշխատանքային պլանը, հանրային ծառայությունների ինտերնացիոնալի համագումարի անցկացման, համագումարին մասնակցության, կանոնադրական փոփոխությունների և կազմակերպական այլ հարցեր:

Մասնակից երկրների արհմիության ղեկավարներն ըստ օրակարգի ներկայացրին իրենց երկրներում արհմիության խնդիրները՝ կապված արհմիության իրավունքների, սոցիալական երկխոսության, կոլեկտիվ պայմանագրային գործընթացի, սեփականաշնորհման և լիբերալիզացիայի հետ, օպտիմալացման քողի ներքո պետական ապարատի կրճատումը, ինչպես նաև իրականացված միջոցառումները:

Հայաստանի պետհիմնարկների հանրապետական արհմիության նախագահ Ա.Ասատրյանը հնչեցրեց մեր հանրապետության սոցիալ-տնտեսական ցուցանիշները, ներկայացրեց արհմիության խնդիրները հատկապես պետական հիմնարկներում: Խնդիրների մեջ Ա. Ասատրյանը հատկանշեց արհմիության անդամների նվազումը, ինչը արդյունք էր նաև նոր կառավարության որդեգրած քաղաքականության՝ օպտիմալացման, ինչպես նաև  համայնքների խոշորացման հետևանքով բազմաթիվ պետական ու համայնքային ծառայողների կրճատումների: Բազմաթիվ խնդիրներ ի հայտ եկան նաև նախորդ տարվա ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, երբ հանրապետությունում ընդգծվեցին կոռուպցիայի, անարդյունավետ կառավարման, աղքատության, գործազրկության նման արատավոր երևույթներ: Հայաստանի պետհիմնարկների ճյուղային արհմիության նախագահն անդրադարձավ նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքում նախատեսվող փոփոխություններին, որոնցով շատ դեպքերում վատթարացվում են աշխատողի աշխատանքային պայմանները: Նախատեսվող փոփոխությունները քննարկվել են հանրապետական եռակողմ հանձնաժողովի օրերս կայացած նիստում, որտեղ արհմիության կողմը համապատասխան հիմնավորումներով դեմ է արտահայտվել նման փոփոխություններին (Ա. Ասատրյանի ամբողջական ելույթին կարող եք ծանոթանալ այստեղ):

Աշխատանքային օրենսգրքի նախատեսվող փոփոխություններին, արդեն կառավարության տեսանկյունից, անդրադարձավ նաև հրավիրված, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի բաժնի պետ Ժ. Սարգսյանը:  Փոփոխությունների ներկայացումը լայն քննարկման արժանացավ տարբեր երկրների արհմիության նախագահների կողմից:

Զեկուցողն իր ելույթում կարևորեց նաև հանրապետական եռակողմ սոցիալական գործընկերությունը, ներկայացրեց նախարարության կողմից տարվող աշխատանքերը՝ բնակչության զբաղվածության խթանման, սոցիալական աջակցության ուղղությամբ և այլն:

Նախարարության ժողովրդագրության բաժնի պետ, արհմիության նախագահ Վ.Բաբաջանյանը մասնակիցներին ներկայացրեց մեր հանրապետության սոցիալական ժողովրդագրական տվյալները:

EPSU-ի հրավերով հանդիպմանը մասնակցում էր նաև Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Լ. Բադալյանը: Վերջինս իր ելույթում անդրադարձավ հիմնադրամ-արհմիություն հայաստանյան համագործակցությանը, առաջիկա ծրագրերին, ներկայացրեց նաև երիտասարդության շրջանում անցկացված սոցիալ-տնտեսական լայնածավալ հետազոտության արդյունքները, որոնք, ինչ խոսք, մտահոգիչ են:

Երկօրյա հանդիպման ընթացքում տարբեր երկրների արհմիության նախագահները փորձի փոխանակման լայն հնարավորություն ունեցան:

Հանդիպումից դուրս մասնակիցները շրջայց կատարեցին Հայաստանի հոգևոր կենտրոնում՝ Էջմիածնի մայր տաճարում:​

%d