Քննարկվեցին հհ աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները
Փետրվարի 10-ին կայացավ հանրապետական եռակողմ հանձնաժողովի հերթական նիստը: Նիստում հանրապետական հանձնաժողովի քննարկմանը ներկայացված օրակարգային հարցերից մեկը ««Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի ներկայացումն ու քննարկումն էր, որը բխում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի դրույթներից և ամրագրված է ՀՀ կառավարության ծրագրում: Հայեցակարգն արժանացավ հանձնաժողովի հավանությանը: Օրենքի նախագիծը կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:
Օրակարգի երկրորդ հարցով հանձնաժողովին ներկայացվեց «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ մշակված ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից: Նշվեց, որ նախագիծը բխում է ՀՀ կառավարության ծրագրից ՝ աշխատանքային հարաբերությունների նոր ճկուն հիմքերի ապահովման առումով, և չնայած նախագծի հեղինակները այն պայմանավորեցին նաև աշխատանքային հարաբերությունները միջազգային պայմանագրերին և ՀՀ Սահմանադրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ, սակայն իրականում նախագծի զգալի մասը բաղկացած է Աշխատանքային օրենսգրքի տրամաբանությանը հակասող, աշխատողի աշխատանքային պայմանները վատթարացնող դրույթներից: Մասնավորապես, ՀՀ օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքները կատարելու, ինչպես նաև գիշերային և արտաժամյա աշխատանքների համար աշխատողին վճարվող հավելման չափը նախագծով թողնվում է գործատուի և աշխատողի պայմանավորվածությանը: Նման փոփոխությունները և լրացումները հակասում են ոչ միայն Աշխատանքային օրենսգրքի բնույթին, այլև ՀՀ Սահմանադրության 28-րդ հոդվածին՝ «Բոլորը հավասար են օրենքի առջև» և 29-րդ հոդվածի՝ խտրականության արգելման սկզբունքին: Փաստորեն, այս հարաբերությունների կարգավորման հարցում պետությունը մի կողմ է քաշվում:
Արհմիությունների ներկայացուցիչների կարծիքով, որը ներկայացրեց ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Բ. Խարատյանը, խտրականություն է առաջանում ոչ միայն աշխատողների, այլ նաև գործատուների համար։
Արհմիությանների կողմը անընդունելի համարեց նաև այն, որ նախագծով ուժը կորցրած է ճանաչվում աշխատավարձի ինդեքսավորման մասին հոդվածը, մանավանդ որ հանրապետական եռակողմ պայմանգրով կողմերը պարտավորություն են ստանձնել փոխհամաձայնեցված մոտեցումներ ձևավորել աշխատավարձի ինդեքսավորման մեխանիզմների վերաբերյալ: