Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստ, նոյեմբեր 2016

Աշխատանքի անվտանգության եվ աշխատավայրերում աշխատողների առողջության պահպանման ռազմավարությունն արժանացավ հանրապետական եռակողմ հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Հանրապետական եռակողմ հանձնաժողովի` նոյեմբերի 14-ին կայացած նիստում օրակարգում նախատեսված էր «Աշխատանքի անվտանգության և աշխատավայրերում աշխատողների առողջության պահպանման ռազմավարության նախագծի քննարկում»:

  Հանձնաժողովի նախագահ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի կողմից մերժվեց հանձնաժողովի անդամ, Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Անահիտ Ասատրյանի առաջարակը օրակարգում «Պետական ապարատում նախատեսվող կրճատումների վերաբերյալ» հարց ընդգրկելու վերաբերյալ:

Ճյուղային արհմիության նախագահը հարցի հրատապությունը և հարցն օրակարգում ընդգրկելու անհրաժեշտությունը հիմնավորեց պետական հիմնարկների արհմիության անդամներից ստացվող ահազանգերով` կապված ՀՀ վարչապետի կողմից պետական ապարատում կտրուկ կրճատումների անցնելու հայտարարության հետ: ՃՀՄ նախագահը կառավարության ներկայացուցիչներից ակնկալեց կոնկրետ վերլուծություններ, հաշվարկներ` կրճատումների մեխանիզմների, քանակի, կրճատումներից հետո ակնկալվող արդյունքների վերաբերյալ և այլն: Հարցի առնչությամբ արհմիության նախագահը հղում կատարեց նաև հանրապետական կոլեկտիվ պայմանագրին, որում ևս սահմանված է աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող, գործատուների և աշխատողների` աշխատանքային իրավունքների և շահերի պաշտպանության առումով էական նշանակություն ունեցող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի ներկայացումը հանրապետական եռակողմ հանձնաժողովի կարծիքին, մինչև համապատասխան մարմնի կողմից դրանց ընդունումը: Ա.Ասատրյանը մեջբերեց նաև կոմիտեի վերափոխվելու անվան տակ ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատողների շուրջ 30% տոկոսին արդեն իսկ կրճատելու որոշումը:

 Ի պատասխան հանձնաժողովի նախագահը նշեց, որ վարչապետի հանձնարարությունը ոչ թե կոնկրետ կրճատումների, այլ կառավարման համակարգի օպտիմալացման գործընթացի մասին է: Այս առումով յուրաքանչյուր պետական մարմին կառվարություն է ներկայացնում համապատասխան առաջարկներ` տվյալ հիմնարկում կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

Իսկ հաստատված օրակագում` ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Վարազդատ Դանիելյանի ներկայացմամբ քննարկվեց Աշխատանքի անվտանգության և աշխատավայրերում աշխատողների առողջության պահպանման   ռազմավարության նախագիծը:

Հանձնաժողովի` նիստին ներկա անդամները, մասնավորապես արհմիության կողմը, ներկայացրին դիտողություններ ու առաջարկություններ հայեցակարգի նախագծի շուրջ, որոնք վերաբերվում էին և բովանդակային թերություններին ու բացթողումներին, և խմբագրման ու լեզվական անճշտություններին և այլն:

Աշխատանքի անվտանգության և աշխատավայրերում աշխատողների առողջության պահպանման ռազմավարության լրամշակված տարբերակն արժանացավ հանձնաժողովի դրական եզրակացությանը` ներառելով հնչեցված առաջարկություններն ու դիտողությունները:

Նշենք, որ ռազմավարության նպատակը աշխատողների առողջության պահպանման  առավել հետևողական և համակարգված քաղաքականության իրականացումն է և հանրապետությունում աշխատանքի անվտանգության ու աշխատավայրերում աշխատողների առողջության պահպանման համակարգի ներդրումն է: Ռազմավարության ընդունումից հետո կստեղծվի միջգերատեսչական եռակողմ խումբ, որն էլ կմշակի ազգային ծրագիր: Ծրագրի ընդունմամբ հնարավոր կլինի համակարգելու աշխատանքի անվտանգության և աշխատավայրերում աշխատողների առողջության պահպանման ոլորտում տարվող  քաղաքականությունը առաջիկա երկու տարիների ընթացքում:​