Հունիսի 28 – 29-ին Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների հանրապետական արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը և ՃՀՄ գլխ․ հաշվապահ Ռ․ Օհանջանյանը սոցիալական գործընկերության շրջանակներում մասնակցեցին Ապարան և Գյումրի քաղաքներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության գործակալության կազմակերպված Աշխատանքի տոնավաճառին։ Աշխատանքի տոնավաճառին ներկա էր ՀՀ զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը։ Ապարանում տոնավաճառը այցելեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա․Ասատրյանը, Արագածոտնի մարզպետ Գ․Գյոզալյանը, Ապարանի քաղաքապետ Գ․Աբրահամյանը։ Գյումրիում տոնավաճառին բացման խոսքով հանդես եկան Շիրակի մարզպետ Հ․Սիմոնյանը, Գյումրու քաղաքապետ Ս․Բալասանյանը։
Միջոցառումներին տարբեր ոլորտների գործատուները հնարավորություն ունեցան ներկայացնել թափուր աշխատատեղերը, իսկ աշխատանք փնտրողները ծանոթանալ մարզի աշխատաշուկային, պետության կողմից առաջարկվող զբաղվածության աջակցության ծրագրերին, որոնք ևս աշխատանք գտնելու հնարավորություններ են ստեղծում, հատկապես՝ աշխատաշուկայում անմրցունակ անձանց համար:
Այցի ընթացքում ՃՀՄ նախագահ Անահիտ Ասատրյանը հանդիպումներ է ունեցել Ապարանի քաղաքապետ Գոռ Աբրահամյանի, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ, ներկայացնելով արհմիության կարևորությունը աշխատանքային հարաբերություններում։
Հանդիպումներ եղան նաև զբաղվածության գործակալության Արագածոտնի և Շիրակի բաժինների աշխատակիցների հետ։
Ա․Ասատրյանի և Շիրակի մարզպետարանի աշխատողների արհեստակցական կազմակերպության նախագահ Ն․Գրիգորյանի հետ հանդիպման ընթացքում ընդգծվեց արհմիության միասնության և համահամախմբվածության անհրաժեշտությունը, ՃՀՄ նախագահը հրավիրեց մարզպետարանի արհեստակցական կազմակերպությանը մասնակցել ճյուղային արհմիության կողմից կազմակերպվող միջոցառումներին։
Ա․Ասատրյանը այցելեց Ազգային վիճակագրական ծառայության Շիրակի մարզային գործակալություն, ծանոթացավ աշխատանքի պայմաններին և առաջարկեց ստեղծել արհեստակցական կազմակերպություն և ընդգրկվել ճյուղային արհմիության կազմում։