Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստ. 24 մայիս, 2016

Հայաստանի արհմիություններն իրենց դիրքորոշումն արտահայտեցին ՀՀ «Աշխատանքային օրենսգրքում» նախատեսվող մի շարք փոփոխությունների դեմ:

Ընթացիկ ամսվա 24-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում կայացավ հանրապետական եռակողմ հանձնաժողովի հերթական նիստը:

Մինչ օրակարգին անցնելը, կարևորելով սոցիալական գործընկերության խթանումը, հանձնաժողովի նախագահ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա.Ասատրյանը ներկաներին իրազեկեց, որ Աշխատանքի միջազգային կազմակերպության Ժնևում կայանալիք Աշխատանքի կոնֆերանսին այս տարի առաջին անգամ մասնակցելու է Հայաստանի սոցիալական գործընկերության եռակողմ պատվիրակությունը` ՀՀ կառավարության, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և Հայաստանի գործատուների հանրապետական միության ներկայացուցիչների կազմով:

Կոնֆերանսում պատվիրակությունը կներկայացնի մեր երկրում աշխատանքի, զբաղվածության, սոցիալական գործընկերության զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու բարեփոխումները, ինչպես նաև կարտահայտի իր դիրքորոշումը, որի մասին հանձնաժողովի անդամները կտեղեկացվեն: Նախագահը կարևորեց միջոցառմանը Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությունը` նշելով կոնֆերանսին մասնակցող երկրներին աջակցելու ԱՄԿ-ի պատրաստակամությունը:

Օրակարգային հարցերից լայն քննարկման արժանացավ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` ներկայացմամբ «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ԾԻԳ-ի տնօրեն Ա.Եղիազարյանի:

Արհմիության ներկայացուցիչները` ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Բ.Խարատյանը, Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի հանրապետական արհմիության նախագահ Ա.Ասատրյանը, թեթև արդյունաբերության, ագրոարդյունաբերության, բանկերի հանրապետական արհմիությունների նախագահները նախագծի դեմ արտահայտվեցին, քանի որ այն աշխատողների աշխատանքային պայմանները վատթարացնող նախագիծ էր:

Հարցերից շատերը, որոնք արդեն իսկ կարգավորված են գործող օրենսգրքով, առաջարկվում էր հանել` թողնելով դրանք կողմերի բանակցությունների միջոցով կարգավորվելուն, մասնավորապես` նախագծում փոխվում էր արտաժամյա և գիշերային աշխատանք հասկացությունը, հանվում էին արտաժամյա աշխատանքի տևողության սահմանափակումները, հանվում էր արտաժամյա աշխատանքի և գիշերային աշխատանքի դեպքում հավելման չափի նվազագույն սահմանը` հավելումների չափի սահմանումը թողնելով կողմերին, հանվում էր ամենամյա երկարացված  և ամենամյա լրացուցիչ արձակուրդների սահմանված տևողությունները` դրանց սահմանումը ևս թողնելով կողմերին, կողմերի բանակցություններին էր թողնվում առանձին աշխատանքների համար տրամադրվող լրացուցիչ և հատուկ ընդմիջումների քանակը, տևողությունը և հանգստանալու տեղը և այլն: Մինչդեռ մեր երկրում առկա տնտեսական վիճակը թույլ չի տալիս, որ գործատուի ու աշխատողի բանակցության արդյունքը հօգուտ աշխատողի լինի:

Որպես նախագծի ակնկալվող արդյունք նշվում էր աշխատողների ներկայացուցիչների` արհմիությունների կայացումը, ինչպես նաև գործատուների փաստաթղթաշրջանառության բեռի թեթևացումը, ինչին ևս առարկեցին արհմիության ներկայացուցիչները:

Հանձնաժողովի կարծիքը կներկայացվի պատկան մարմիններին:

Օրակարգային հարցերի շրջանակում հանձնաժողովի քննարկմանը ներկայացվեց նաև ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության կողմից 2015թ. աշխատանքի ոլորտում իրականացված աշխատանքների մասին ամփոփը:

Նախարարն առաջարկեց եռակողմ համաձայնեցված հայեցակարգ մշակել   աշխատանքի տեսչության և արհմիությունների կողմից աշխատանքային հարաբերությունների նկատմամբ առավել արդյունավետ վերահսկողություն ապահովելու համար։

Առաջարկվեց նաև երեք կողմերով սոցիալական գործընկերության շրջանակներում տեղեկատվական բնույթի համատարած այցելություններ կազմակերպել:

ՀԳՀՄ նախագահ Գ.Մակարյանի ներկայացմամբ, օրակարգի հարցերի շրջանակում, հանձնաժողովի անդամները տեղեկացվեցին նաև ԱՄԿ-ի հետ համատեղ իրականացված «Նպաստավոր գործարար միջավայր կայուն ձեռնարկությունների համար» վերլուծության արդյունքներին:​