Նախագահության նիստ․ 14 հունվար, 2016

Նախագահության նիստ․ 14 հունվար, 2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ՄԱԿ-Ի ԿԱՆԱՆՑ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻՆ

Հունվարի 14-ին կայացավ ճյուղային հանրապետական արհմիության նախագահության 2016թ.-ի անդրանիկ նիստը: Նիստի օրակարգում առանցքայինը ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի նիստի մասին հարցն էր: Նախագահող Ա.Ասատրյանը նշեց, որ աշխարհի խոշորագույն արհմիութենական կառույցը` Հանրային ծառայությունների ինտերնացիոնալը, հրավիրել է իրեն` ՀԾԻ կազմում մասնակցելու ՄԱԿ-ի կանանց կարգավիճակի հանձնաժողովի նիստին: Հաշվի առնելով Հայաստանում կանանց կարգավիճակի հետ կապված լուրջ խնդիրները, ինչպես նաև կարևորելով ՄԱԿ-ի մակարդակով Հայաստանի արհմիությունները ներկայացնելու հնարավորությունը և անհրաժեշտությունը` արհմիության ղեկավար մարմինը պատվիրակվեց ՃՀՄ նախագահ Ա.Ասատրյանին ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում 2016թ. մարտի 14-24-ը կայանալիք ՄԱԿ-ի կանանց կարգավիճակի հանձնաժողովի նիստին:

Օրակարգային հարցերի շրջանակում հնչեց նաև զեղչով արհմիության անդամների հանգստի մասին հարցը. 2016-ի ընթացքում համակարգի արհմիության անդամների մատչելի հանգիստը Ծաղկաձորի «Ռիպա» առողջարանում և Գրողների ստեղծագործական տանը  կազմակերպելու համար նախագահության որոշմամբ կկնքվեն համապատասխան պայմանագրեր:

Նախագահության մեկ այլ որոշմամբ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատողների արհեստակցական կազմակերպության հինգ անդամներ կպարգևատրվեն ճյուղային արհմիության պատվոգրերով` արհմիության աշխատանքներին զգալի աջակցություն ցուցաբերելու համար:

Նիստի ավարտին նախագահ Ա.Ասատրյանը ՃՀՄ նախագահության անդամ, ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատողների արհեստակցական կազմակերպության նախագահ Արտաշես Հովհաննիսյանին հանձնեց ՀԱՄԿ-ի պատվոգիրը` արհմիութենական շուրջ երեսուն տարվա աշխատանքի, ճյուղային արհմիության կողմից ձեռնարկվող բոլոր միջոցառումներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար:

Շնորհավորում ենք արժանի պարգևների առիթով և մաղթում հետագա արդյունավետ աշխատանք:

%d bloggers like this: