2015թ. դեկտեմբերի 9-ին Լատվիայի Հանրապետության մայրաքաղաք Ռիգայում կայացավ Պետհիմնարկների և հասարակական սպասարկման աշխատողների արհմիությունների միջազգային ֆեդերացիայի խորհրդի հերթական` վեցերորդ նիստը, որին մասնակցում էր նաև Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Անահիտ Ասատրյանը:
Նիստը ղեկավարում էր ԱՄՖ նախագահ Վ.Սավչենկոն, մասնակցում էին խորհրդի անդամներ և ներկայացուցիչներ Ռուսաստանի, Լատվիայի, Ադրբեջանի, Մոլդովայի, Վրաստանի, Բելառուսի պետհիմնարկների հանրապետական արհմիություններից, հրավիրվածներ:
Խորհրդի օրակարգային հարցերի շրջանակներում մասնակիցները լսեցին և քննարկեցին հյուրընկալող երկրում պետհիմնարկներում աշխատողների աշխատանքային իրավունքների և սոցիալ-տնտեսական շահերի պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքները: ԱՄՖ խորհուրդն առաջարկեց Լատվիայի հանրապետական արհմիության հաջողված փորձը կիրառել նաև ԱՄՖ անդամ մյուս կազմակերպություններում: Մասնակիցները լսեցին և ի գիտություն ընդունեցին ԱՄՖ անդամ կազմակերպությունների որոշ ներկայացուցիչների հաղորդումները իրենց երկրներում պետհիմնարկների ոլորտում արհմիության իրավիճակի ու խնդիրների մասին 2015-ի մայիս-դեկտեմբեր ժամանակահատվածում:
Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի արհմիության նախագահ Ա.Ասատրյանը համառոտ ներկայացրեց հայկական արհմիութենական առօրյան, խնդիրներն ու դրանց լուծման դժվարությունները: ՃՀՄ նախագահը մասնավորեցրեց, որ մեր հանրապետությունում` պետական ոլորտում, հաճախ են ոտնահարվում արհմիությունների իրավունքները` մեջբերելով ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության օրինակը, որի ղեկավարությունը արգելել է արհմիության անդամավճարի գանձումը աշխատողներից և, օգտվելով միջազգային գործընկերների հետ հանդիպման հնարավորությունից, նշեց, որ հարցը չկարգավորվելու դեպքում միջազգային գործընկերների աջակցության կարիք կլինի:
Օրակարգային այլ հարցերով ԱՄՖ խորհուրդը հստակեցրեց աշխատողների իրավունքների ու շահերի պաշտպանությանն ուղղված գործողությունների ուղղություններն այն երկրներում, որտեղ գործում են Արհմիությունների համընդհանուր համադաշնության անդամ կառույցները, որոնց թվում նաև Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան է, լսեց ԱՄՖ փոխնախագահի հաղորդումը ԱՄՖ անցնող տարվա մասին, հաստատեց 2016 թվականի տարեկան աշխատանքային պլանը, վերանայեց ֆեդերացիային վճարվող անդամավճարների կարգն ու չափերը և այլ հարցեր:
Նիստից դուրս մասնակիցներն այցելեցին նաև Լատվիայի Հանրապետության Սեյմ (խորհրդարան), որտեղ սոցիալական և աշխատանքային հարցերով հանձնաժողովի նախագահի և հանձնաժողովի որոշ անդամների հետ քննարկեցին Լատվիայի խորհրդարանի և արհմիության համատեղ գործողությունները սոցիալ աշխատանքային հարցերի լուծման ուղղությամբ: Հյուրերը հնարավորություն ունեցան հանդիպելու նաև Սեյմի ղեկավարին, ծանոթացան լատվիական հանրապետության խորհրդարանի գործունեությանը, պատգամավորների աշխատանքային պայմաններին, շրջայց կատարեցին խորհրդարանի շենքում:
Պաշտոնական միջոցառումներից զատ հյուրերը քաղաքային էքսկուրսիայի ընթացքում ծանոթացան Լատվիայի Հանրապետության նախատոնական մայրաքաղաքի տեսարժան վայրերին ու գրավիչ միջոցառումներին: