ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ

ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական արհմիության նախագահ Ա.Ասատրյանը նոյեմբերին մասնակցել է հանրային հատվածի վարձատրության բարեփոխման ծրագրի շրջանակներում կազմակերպված կլոր սեղանին, որտեղ ներկայացվեցին ՀՀ-ում հանրային ծառայողների վարձատրության միասնական համակարգի շրջանակում առանձին կարգավիճակ ունեցող աշխատողների աշխատավարձի չափերի խորքային վերլուծության արդյունքները:

Հայաստանի արհմիությունները ներկայացնում էին նաև ՀԱՄԿ-ի սոցիալ-տնտեսական և աշխատանքի պաշտպանության բաժնի ներկայացուցիչները: Մասնակցում էին նաև Աշխատանքի միջազգային կազմակերպության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայասատանի գործատուների հանրապետական միության ներկայացուցիչներ, փորձագետներ:

Քննարկման ընթացքում ներկայացվեց հանրային ծառայողների վարձատրության միասնական համակարգի շրջանակներում կատարված հետազոտության կարևորությունն ու օգտակարությունը։

Հետազոտության հիմնական նպատակներն ու խնդիրներն էին՝

  • -ըստ պաշտոնների վերլուծել քաղաքացիական աշխատանք կատարողների կողմից իրականացվող աշխատանքների բարդությունը, պատասխանատվության աստիճանը,
  • -բացահայտել քաղաքացիական աշխատանք կատարողների պաշտոններին համադրելի՝ պետական ծառայություններում հավասարազոր պաշտոնները,
  • -իրականացնել քաղաքացիական աշխատանք կատարողների և պետական ծառայություններում հավասարազոր (համադրելի) պաշտոնների աշխատավարձերի համեմատական վերլուծությունը և գնահատումը,
  • -ներկայացնել առաջարկություններ վերլուծության օբյեկտ հանդիսացող պաշտոնների համար սահմանված աշխատավարձերի վերաբերյալ:

Ներկայացվեց նաև առաջարկությունների ամփոփը՝

  1. Քաղաքացիական աշխատանք կատարող թվով 19 պաշտոնների հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցների փոփոխություններ՝ անհրաժեշտ հիմնավորումներով
  2. Առաջարկությունների մի մասը կբերի գործակիցների բարձրացման, մյուս մասը՝ նվազեցման
  3. Առաջարկվել է քաղաքացիական աշխատանք կատարողի հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցը հավասարեցնել քաղաքացիական ծառայության պաշտոնի ընտրված ենթախմբի 6-րդ կամ 7-րդ մակարդակին համապատասխանող գործակցին
  4. Մշակվել է քաղաքացիական աշխատանք կատարողների հիմնական աշխատավարձի որոշման համար հիմք հանդիսացող բազային աշխատավարձի չափի գնահատման որոշակի մեթոդաբանություն
  5. Քաղաքացիական ծառայողների համար օրենքով սահմանված պարգևատրման սահմանափակումները նախատեսել նաև քաղաքացիական աշխատանք կատարողների համար, որը կամբողջացնի վարձատրության համակարգի միասնականությունը պետական աշխատողների շրջանում։

Տեղեկացնենք, որ Աշխատանքի միջազգային կազմակերպության միջոցով կազմակերպված նշված թեմայով քննարկումը երկրորդն էր անցնող տարում. հանդիպման առաջին հատվածում ՃՀՄ նախագահը մասնակիցների ուշադրությունը հրավիրել էր ՀՀ-ում համայնքային ծառայողների աշխատավարձերի կարգավորման խնդրին` ելնելով համայնքային ծառայողների աշխատավարձի միասնական վարձատրության սկզբունքի անհրաժեշտությունից:

%d bloggers like this: