Ճյուղային արհմիության նախագահի նամակը վարչապետին՝ կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ

Հարգարժան պարոն վարչապետ 

Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական արհմիության նախագահության անունից շնորհավորում եմ Ձեզ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցութամբ:

Մենք ողջունում ենք կուտակային վճարներ չկատարելու համար տույժերը կասեցնելու մասին Ձեր որոշումը, սակայն գտնում ենք, որ ստեղծված իրավիճակում դա բավական չէ հանրապետությունում առկա լարվածությունը մեղմելու համար:

Գործատուները կենսաթոշակային գանձումներ են կատարել շատ ու շատ աշխատողների աշխատավարձից նրանց կամքին հակառակ կամ առանց նրանց կարծիքը հարցնելու` հաշվի չառնելով ՀՀ սահմանադրական դատարանի 2014թ. հունվարի 24-ի ՍԴԱՈ-3 աշխատակարգային որոշումը, որով կասեցվում էր ֆոնդ և կառավարիչ ընտրելու աշխատողի պարտավորությունը: Այդ պարտավորությունը («Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդված 3-րդ մաս) կասեցված էր մինչև սահմանադրական դատարանի վերջնական որոշումը, որը կայացվեց 2014 ապրիլի 2-ին, և նույնիսկ այն դեպքում, եթե սահմանադրական դատարանը վիճարկվող դրույթները սահմանադրական ճանաչեր, դրանից հետո մեկ ամսվա ընթացքում աշխատողի կողմից ֆոնդ չընտրելու դեպքում միայն ընտրությունը պետք է կատարվեր նրա փոխարեն, այսինքն` Ֆոնդերը համակարգչային մոդուլի միջոցով չէին կարող ընտրվել մայիսի 3-ից շուտ, սակայն համապատասխան մարմինները ապրիլի 10-ից արդեն սկսել են աշխատողներին իրազեկել, որ իրենց փոխարեն ֆոնդեր են ընտրվել:

Հաշվի առնելով վերոշարադրածը` աշխատողների ստվար զանգվածի դժգոհությունը կանխելու համար առաջարկում ենք հանդես գալ պաշտոնական պարզաբանմամբ, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարներ կարելի է գանձել միայն այն աշխատակիցներից, ովքեր գրավոր դիմել են այդ համակարգին մասնակցելու համար, ինչպես նաև դադարեցնել պարտադիր ձևով հաշվարկել կուտակային վճարները ՀՀ պետեկամուտների կոմիտե ներկայացվող եկամտային հարկի հաշվարկի մեջ ու վերահաշվարկել և վերադարձնել այն աշխատողների կուտակային վճարները, ովքեր գրավոր չեն դիմել այդ համակարգին մասնակցելու համար:

Կարծում ենք, որ միայն այս ամբողջական գործողությունները որոշ չափով կվերականգնեն հասարակության վստահությունը կառավարության նկատմամբ և թույլ կտան բոլոր շահագրգիռ կողմերին արդյունավետ բանակցել նոր համակարգի մշակման շուրջ:

Մենք ողջունում ենք այս խնդիրը հասարակության տարբեր շերտերի հետ քննարկելու Ձեր պատրաստակամությունը: Հույս ենք հայտնում, որ հաշվի կառնվի նաև արհմիությունների կարծիքը, քանի որ արհմիությունն այն միակ կառույցն է, որը առավել մոտ է կանգնած աշխատողներին, տեղյակ է նրանց խնդիրներին և կոչված է վերջիններիս շահերը ներկայացնելու և պաշտպանելու:

Հարգանքով՝   ՃՀՄ նախագահ Ա.Ասատրյան 

Թարմացում` ստացված պատասխանը ստորև`