Շախմատի առաջնությունը, որը կազմակերպել էր Հայաստանի պետհիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական սպասարկման աշխատողների ճյուղային հանրապետական արհմիությունը 2013 թ. դեկտեմբերի 14-ին ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում, անցավ լարված պայքարում:
Առաջնությունում իրենց ուժերը չափեցին Ազգային վիճակագրական ծառայության, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, Զբաղվածության պետական ծառայության աշխատողների արհմիությունների թիմերը: Բացարձակ առավելությամբ առաջատարն էր Երևանի քաղաքապետարանի թիմը: Խաղն ավելի հետաքրքիր դարձավ, երբ պայքար էր գնում 2-րդ և 3-րդ տեղերի միջև: Մրցապայքարն անցավ յոթ փուլով. մրցավար-կազմակերպիչը Ռուբեն Օհանջանյանն էր:
Եվ այսպես.
1-ին տեղ` Երևանի քաղաքապետարան թիմ (երանելի գավաթը նրանցն էր)
2-րդ տեղ` Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
3-րդ տեղ` Զբաղվածության պետական ծառայություն
4-րդ տեղ` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ:
Առաջին տախտակի վրա լավագույն` 100 տոկոսանոց արդյունք ապահովեց Կամո Պողոսյանը /Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե/: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Զբաղվածության պետական ծառայության թիմերը պայքարում էին երրորդ տեղի համար, հավաքել էին հավասար միավորներ և միայն լրացուցիչ միավորների հաշվարկի արդյունքում որոշվեց նրանց զբաղեցրած տեղերը: Հիշեցնենք, որ բաղձալի գավաթն այժմ Երևանի քաղաքապետարանում է. շնորհավորում ենք թիմի անդամներին արժանի հաղթանակի համար և մաղթում նրանց անհաշվելի առաջնություններ, նորանոր հաղթանակներ:
Շնորհավորում ենք մասնակիցերին, մրցանակակիրներին, կազմակերպիչներին: