Ապրիլի 6-7-ին Ծաղկաձորի «Ռիպա» առողջարանում անցկացվեց հերթական խորհրդակցությունը արհմիութենական տարաբնույթ և ընթացիկ խնդիրների շուրջ: Խորհրդակցությանը մասնակցում էին ՃՀՄ նախագահության անդամներ, վերստուգիչ հանձնաժողովի անդամներ, ՃՀՄ անդամ կազմակերպությունների նորընտիր նախագահներ, Երևան քաղաքի և մոտակա տարածքների անդամ կազմակերպությունների նախագահներ:
Ներկաների ակտիվ մասնակցությամբ քննարկվեցին ոչ միայն նեղ արհմիութենական, այլև այնպիսի խնդիրներ, որոնք կնպաստեն արհմիութենական շարժման զարգացմանը: Հատուկ նշանակություն տրվեց ճյուղային միության կողմից կազմակերպված բուլինգի մրցույթին:Մասնակիցների առաջարկով քննարկվեցին նմանատիպ միջոցառումներ անցկացնելու հնարավոր ուղիները: Կարևորվեց հատկապես նախատեսվող մայիսմեկյան երթը: ՃՀՄ նախագահ Ա. Ասատրյանը կոչ արեց ակտիվ մասնակցություն ցուցաբերել երթին, մանավանդ, որ երթից հետո մասնակիցների համար նախատեսվում է «Գարեգին Նժդեհ» ֆիլմի ցուցադրումը «Մոսկվա» կինոթատրոնում:
Խորհրդակցությունը համատեղվեց մասնակիցների 1.5-օրյա հանգստով: Այդպիսով նշվեց նաև Մայրության և գեղեցկության տոնը: Միջոցառումը կազմակերպվել էր ճյուղային միության միջոցներով: