Աշխատողների միավորման ազատության, արհմիությունների և սոցիալական գործընկերության իրավունքները սահմանվում են ոչ միայն ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով, այլ միջազգային նորմերով, մասնավորապես՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) երկու հիմնարար կոնվենցիաներով։ Սույն կոնվենցիաներին համապատասխանութունն ապահովելու համար, 1951 թվականին ԱՄԿ-ի կողմից հիմնադրվել է Միավորման ազատության կոմիտեն, որի նպատակն է առանձին երկրներից ստացված դեպքերի քննությունը և դրանց վերաբերյալ որոշումներ և եղրակացություններ տալը, թե որքանով է ՝ այս կամ այն դեպքը համապատասխանում ԱՄԿ հիմնարար կոնվենցիաներից երկուսին՝ Միավորման Ազատության 87 և Կազմակերպվելու ու կոլեկտիվ բանակցելու 98 կոնվենցիաներին։ Այս կոմիտեի որոշումներն ու եզրակացությունները պարբարեբար հրատարակվում են ժողովածուների տեսքով։ Մենք արդեն առանձնացրել ենք այս ժողովածուներից այն որոշումները, որոնք առավելապես վերաբերվում են պետական ոլորտում գործատուի կողմից արհմիության գործունեության միջամտությանը։
Այժմ եկեք հարց ու պատասխանի միջոցով պարզենք, գործատուի ինչպիսի արարքներն են անօրինական։
ՀԱՐՑ 1․ Կարո՞ղ է արդյոք գործատուն չհամաձայնվել աշխատողների աշխատավարձից գանձել արհմիության անդամավճար և փոխանցել դա արհմիության հաշվեհամարին։
Պատասխան՝ ՈՉ, ՉԻ ԿԱՐՈՂ։ Արհմիության անդամ լինելը և դրա հետ կապված ադմինիստրատիվ գործառույթներ կատարելը՝ աշխատողների անվերապահ իրավունքն է՝ սահմանված ԱՄԿ 87-րդ և 98-րդ Կոնվենցիայով։ Եթե արհմիության անդամները ցանկանում են, որ արհմիության անդամավճարի փոխանցումը արհմիության հաշվեհամարին կատարվի payroll եղանակով (այսինքն՝ այդ գործառույթը կատարվի գործատուի կողմից, ինչպես որ կատարվում են աշխատավարձից այլ տեսակի պահումները), ապա գործատուն իրավունք չունի խոչընդոտել կամ մերժել այդ գործընթացը։ Ավելին՝ ԱՄԿ միավորման ազատության կոմիտեն եզրակացրել է, որ աշխատողների կողմից գործատուին այդպիսի խնդրանքով դիմելու իրավունքը պետք է երաշխավորված լինի ազգային օրենսդրությամբ։
ՀԱՐՑ 2․ Կարո՞ղ է արդյոք գործատուն հանձնարարել չփոխանցել աշխատողներից գանձված անդամավճարները արհմիության հաշվեհամարին, քանի որ իր կարծիքով արհմիությունն իր նպատակին չի ծառայում, կամ արդյունավետ չէ, կամ որևէ այլ պատճառով։
Պատասխան՝ ՈՉ, ՉԻ ԿԱՐՈՂ։ Համաձայն ԱՄԿ միավորման ազատության կոմիտեի որոշման՝ գործատուի նման պահվածքը համարվում է միջամտություն արհմիության ներքին գործերին, ինչպես նաև խախտում է սոցիալական գործընկերության սկզբունքը։ Այդպիսի պահվածքն անօրինական է։ Բացի դրանից, աշխատողներից գանձվող արհմիության անդամավճարը, որը դեռ փոխանցված չէ արհմիության հաշվեհամարին, դա գործատուին, կամ աշխատավայրի կազմակերպությանը պատկանող գումար չէ։ Այդ գումարը աշխատողների և արհմիության սեփականությունն է։
ՀԱՐՑ 3․ Կարո՞ղ է արդյոք գործատուն աշխատողներին հորդորել չլինել արհմիության անդամ, կամ այնպիսի վարքագիծ դրսևորել, որը կնպաստի տվյալ աշխատավայրում արհմիության անդամների պակասելուն։
Պատասխան՝ ՈՉ, ՉԻ ԿԱՐՈՂ։ Եթե արհմիության անդամների թիվը որևէ աշխատավայրում զգալիորեն պակասել է, և դա տեղի է ունեցել գործատուի վարքագծի պատճառով, ապա գործատուն պետք ենթարվի պատասխանատվության, իսկ արհմիության անդամների անդամակցությունը պետք է վերականգնվի։
ՀԱՐՑ 4․ Կարո՞ղ է արդյոք գործատուն կազմակերպել արհմիության ժողով, կամ ներկա գտնվել արհմիության ժողովին։
Պատասխան՝ ԳՈՐԾԱՏՈՒՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԱՐՀՄԻՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎ։
Դա միջամտություն է արհմիության ներքին ադմինիստրատիվ գործերին։ Արհմիության անդամները պետք է ունենան իրավունք ազատորեն, առանց որևէ ուղղորդման կամ ազդեցության մասնակցել արհմիության կառավարմանը։ Ինչ վերաբերվում է արհմիության ժողովներին գործատուի կամ նրա ներկայացուցչի մասնակցությանը, դա անցանկալի է, քանի որ այն պարունակում է արհմիության վրա ազդեցություն գործելու ռիսկեր։ Գործատուն կարող է ներկա գտնվել արհմիության ժողովին, միայն եթե այդպես է որոշել արհմիությունը, սակայն գործատուն պետք է զերծ մնա այնպիսի մեկնաբանություններից, առաջարկություններից, գնահատականերից կամ վարքագծից, որով հնարավոր է ազդեցություն գործել արհմիության գործունեությանը կամ արհմիության անդամների վրա։
ՀԱՐՑ 5․ Իրավունք ունի՞ արդյոք գործատուն (այդ թվում՝ պետական կազմակերպության ղեկավարը) հետաքրքրվել կամ հարցում կատարել արհմիության ֆինանսական միջոցների, դրանց տնօրինման կամ ֆինանսական ծախսերի մասին։
Պատասխան՝ ՈՉ, ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ։ Թե գործատուի, թե պետական մարմնի ղեկավարի կողմից արհմիության ֆինանսական տվյալների մասին հարցում կատարելը համարվում է միջամտություն արհմիության ներքին գործերին։
ՀԱՐՑ 6․ Կարո՞ղ է արդյոք գործատուն կամ պետության ներկայացուցիչն առաջարկել որոշակի չափանիշներ կամ պայմաններ արհմիության ղեկավարության ու արհմիության գործունեության հանդեպ, առաջարկել կամ ակնարկել այս կամ այն անձին ներառել արհմիության ղեկավարության մեջ, արհմիության ղեկավարների կամ արհմիության ընտրություններում առաջադրված թեկնածուների մասին կարծիքներ հայտնել։
Պատասխան՝ ՈՉ, ՉԻ ԿԱՐՈՂ։
Համաձայն ԱՄԿ միավորման ազատության կոմիտեի որոշման՝ պետական մարմինները պետք է զերծ մնան աշխատողների ներկայացուցիչների գործունեությանը միջամտելուց, որը կարող է սահմանափակել գործունեության ազատությունը, դա վերաբերվում է պետության ներկայացուցչի կողմից արհմիության ընտրություններ վարելուն, ընտրությունների հանդեպ պահանջ դնելուն կամ ընտրված ղեկավարներին փոխելուն։ Պետության ներկայացուցչի ցանկացած տիպի միջամտություն արհմիության ընտրություններին կամայականության ռիսկեր է պարունակում, և համարվում է միջամտություն արհմիության գործունեությանը` այդպիսով խախտելով N87 Կոնվենցիայի Հոդված 3-ը։ Պետության ներկայացուցչի կողմից արհմիության ղեկավար մարմնի կազմում որևէ մեկին առաջադրելը համարվում է արհմիության ներքին գործունեության ուղղակիորեն միջամտություն և խախտում է 87 Կոնվենցիան։ Եթե պետության ներկայացուցիչը ներկա է գտնվում արհմիության ընտրություններում կամ ժողովներում, հայտնում է կարծիք թեկնածուների կամ ընտրությունների հետևանքների մասին, դա լրջորեն խախտում է արհմիությունների կողմից բացարձակ ազատ ընտրություններ կատարելու իրավունքի իրացումը։
ՀԱՐՑ 7․ Կարո՞ղ է արդյոք գործատուն (այդ թվում՝ պետական հիմնարկներում) կամ իր ներկայացուցիչը արհմիության, արհմիության գործունեության կամ արհմիության ղեկավարության մասին բացասական կարծիքներ հայտնել ու գնահատականներ տալ, կասկածի տակ դնել արհմիության գործունեությունը, արդյունավետությունը, իրավաչափությունը և այլն։
Պատասխան՝ ՈՉ, ՉԻ ԿԱՐՈՂ։
Համաձայն ԱՄԿ միավորման ազատության կոմիտեի որոշման՝ պետական հիմնարկում գործատուի կողմից այնպիսի արտահայտությունների հնչեցումը, որով նա կասկածի տակ է դնում արհմիության ղեկավարի գործունեությունը, կամ ընդհանրացված բնույթի գնահատականներ տալը արհմիության գործունեության, դրա իրավաչափության մասին և այլն, չի բխում աշխատանքային հարաբերությունների ներդաշնակ զարգացման շահերից, և խախտում է արհմիությունների կողմից ազատ ընտրություններ կատարելու իրավունքը։
ՀԱՐՑ 8․ Իրավունք ունի՞ արդյոք գործատուն (այդ թվում՝ պետական հիմնարկում) կամ գործատուի ներկայացուցիչը արհեստակցական միությանը հորդորել կամ առաջարել չանդամակցել համապատասխան Ճյուղային արհմիությանը։
Պատասխան՝ ՈՉ, ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ։
Համաձայն ԱՄԿ միավորման ազատության կոմիտեի որոշման՝ կառավարությունը պետք է երաշխավորի, որպեսզի գործատուները չհայտնեն այնպիսի կարծիքներ, որոնք կազդեն արհմիության կազմակերպական իրավունքների ազատ իրացմանը, օրինակ՝ կարծիքներ, ըստ որի արհմիության գործունեությունը իրավաչափ չէ, կարծիքներ արհմիության՝ մեկ այլ ավելի խոշոր արհմիության անդամ դառնալու վերաբերյալ, կամ դրդել աշխատողների չանդամակցել արհմիությանը։
ՀԱՐՑ 9․ Իրավունք ունի՞ արդյոք գործատուն առաջարկել աշխատողներին հիմնարկում արդեն գործող արհմիությունից բացի, ստեղծել մեկ այլ արհմիություն։
Պատասխան՝ ՈՉ, ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ։
Գործատուի կողմից զուգահեռ արհմիության ստեղծման դրդումը/աջակցությունը համարվում է խոչընդոտ արհմիության գործունեության արդյունավետությանը, ինչը արգելվում է ԱՄԿ 98 Կոնվենցիայի Հոդված 2-ով։
ՀԱՐՑ 10․ Կարո՞ղ է արդյոք գործատուն կամ իր ներկայացուցիչը (այդ թվում՝ պետական հիմնարկներում) աշխատողների շրջանում հարցումներ և ուսումնասիրություններ կատարել, թե ովքեր են հանդիսանում արհմիության անդամ։
Պատասխան՝ ՈՉ, ՉԻ ԿԱՐՈՂ։
Համաձայն ԱՄԿ միավորման ազատության կոմիտեի համապատասխան որոշման՝ հիմնարկի ղեկավարության կողմից աշխատողների շրջանում հարցում կատարելն առ այն, թե հանդիսանում են արդյոք նրանք արհմիության անդամ, ինչ նպատակով էլ որ դա լինի, ակնհայտորեն համարվում է միջամտություն արհմիության գործունեությանը, և կարող է որակվել որպես արհմիության վրա ազդեցություն գործելու փորձ։