Առողջապահության նախարարության կողմից սեպտեմբերի 30-ին շրջանառության մեջ է դրվել Առողջության համապարփակ ապահովագրության օրենքի նոր նախագիծը։
Նախագծով համակարգի որոշակի փոփոխություններ են առաջարկվում, որոնք, ըստ մեր դիտարկման, նախորդ նախագծերի համեմատ հետընթաց են գրանցել։
Ովքեր են ապահովագրվելու
Նախագծով սահմանվում է համակարգի ներդրման փուլային տարբերակ։
Մասնավորապես, 2026 թվականին ապահովագրությունը տարածվելու է մինչև 18 տարեկան երեխաների, 65-անց անձանց, հաշմանդամություն ունեցողների և 200 000 դրամից ավել աշխատավարձ ստացող աշխատողների վրա։
2027 թվականից համակարգը տարածվելու է նաև 200 000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողների վրա։
Ի՞նչն է ծածկելու ապահովագրությունը
Ի տարբերություն նախորդ նախագծերի, ապահովագրության ծածկույթն ավելի սուղ և անորոշ է։ Այն փոխհատուցելու է
- կանխարգելիչ, վաղ հայտնաբերվող հիվանդությունների և ախտորոշիչ ծառայությունները
- հիվանդանոցային և արտահահիվանդանողային բուժումը՝ դեղեր, բժշկական պարագաներ, լաբորատոր/գործիքային, մասնագիտական խորհրդատվություններ, վիրահատություններ, թթվածին և այլն։
- շտապ բուժօգնություն, այդ թվում սանիտարական ավիացիա/փոխադրում,
• քրոնիկ հիվանդությունների արտահիվանդանոցային հսկողություն՝ դեղեր/պարագաներ, հետազոտություններ, ֆիզիոթերապևտիկ միջամտություններ,
• պրոթեզներ, մետաղական կոնստրուկցիաներ։
Այնուամենայնիվ սահմանվում է, որ կարող են նաև համավճարներ կիրառվել, ընդ որում ոչ ավելին քան արժեքի 50%-ը։ Դեղերի և պարագաների դեպքում կարող է սահմանված լինել “առավելագույն արժեք”, և համավճարով կփոխհատուցվի այդ առավելագույն արժեքի կեսից ոչ ավելին։ Իսկ թանկ դեղերի ու պարագաների դեպքում կարող ընդհանրապես փոխհատուցում չլինել։
Սա բավականին լղոզված և անորոշ կարգավորում է։ Այսպիսով, ապահովագրությունն ամենևին համապարփակ չէ և հայտնի չէ, թե հետագայում ենթաօրենսդրական ակտերով ինչ կարգավորումներ կսահմանվեն։
Որքա՞ն է գանձվելու աշխատողի աշխատավարձից
Նախագծով սահմանվում է ֆիքսված վճար՝ ամսեկան 10 000 -ից 13 700 դրամ։ Սահմանվում է նաև, որ աշխատողը վճարելու է այդ ֆիքսված վճարի 100%-ը, որը զգալի հետընթաց է նախորդ օրինագծերի փաթեթից։ Կրկին նշվում է, որ վճարման կարգը կսահմանի Կառավարությունը։
Այսպիսով, ըստ նախագծի, հաջորդ տարվանից 200 000 դրամից ավել աշխատավարձ ստացողներից պատրաստվում են գանձել ամսական առնվազն 10 000 դրամ։ Չնայած, որ բազմիցս հայտարարել ենք, որ առանց գործատուի կամ պետության մասնակցության ապահոգրական մոդելը ընդունելի չէ և աննախադեպային է, ներկայացված նախագծում ֆինանսավորման ամբողջ բեռն աշխատողի վրա է՝ անկախ եկամտից։
Այսպիսով, նման կարգավորման դեպքում 200 000 դրամ աշխատավարձից գանձվելու է շուրջ 6% ապահովագրավճար, իսկ, օրինակ 350 000 աշխատավարձից ավելի քիչ՝ ընդամենը 3․3%, ինչը նաև չի ապահվում արդարության սկզբունքը։
Նախագծով, միաժամանակ, նախատեսվում է, որ եկամուտների հայտարարագիր լրացնելուց հետո հնարավոր կլինի մինչև 50 000 դրամ փոխհատուցում ստանալ վճարված ապահովագրավճարների համար։ Եթե պետությունը պատրաստվում է վճարումների 50 000 դրամը փոխհատուցել, անհասկանալի է, ինչու պարզապես չի նվազեցնում գանձնվող վճարները ամսական 4000 դրամով։
Նախագծի հետ մեկտեղ ներկայացված են նաև հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթներ։ Մասնավորապես, առաջարկվում է մինչև 500 000 դրամ աշխատավարձ ստացողների համար “զինծառայողների ապահովագրության” դրոշմանիշային վճարը ներկայիս 3500 և 5500 չափերը դարձնել 1000 դրամ։ Իսկ Հարկային օրենսգրքում առաջարկվում է փոփոխություն, ըստ որի առողջապահական ապահովագրավճարը չհարկվող գումար է, այսինքն, աշխատավարձը հարկվելու է միայն ապահովագրավճարը “կեղտոտ” աշխատավարձից գանձելուց հետո։

