ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԱՐՀՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ․ Հանդիպում Դիլիջանում և Իջևանում

ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԱՐՀՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ․ Հանդիպում Դիլիջանում և Իջևանում

Գերմանիայի Դաշնության Հյուսիս-Հռենոսյան Վեստֆալիա նահանգի Գերմանական Արհմիությունների Միավորման (ԳԱՄ) երիտասարդական հատվածի (DGB-Youth NRW) պատվիրակությունը հունիսի 22-ին մեկնեց Տավուշի մարզ:

Սահմանամերձ մարզում գերմանացի արհմիութենականները Դիլիջանի համայնքապետարանում հանդիպում ունեցան համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Մակարյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև Դիլիջանի տարածքի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների արհմիության նախագահ Ժենյա Թամրազյանը, Դիլիջանի քաղաքապետարանի արհեստակցական կազմակերպության նախագահ Սոնա Եգանյանը, ՖԷՀ հայաստանյան ներկայացուցիչ Լիանա Բադալյանը, ճյուղային հանրապետական արհմիության ներկայացուցիչներ:

Ա.Մակարյանը ողջունեց Հայաստանի զբոսաշրջային ու միջազգային կրթական կենտրոն համարվող Դիլիջանում հյուրընկալվելու գերմանացի երիտասարդների նախաձեռնությունը, ներկայացրեց Դիլիջան քաղաքի նշանակությունը, սոցիալ-ժողովրդագրական բնութագիրը: Ա.Մակարյանը ընդգծեց Դիլիջանի կարևորագույն դերը՝ որպես զբոսաշրջային և միջազգային կրթական խոշորագույն կենտրոն, անդրադարձավ համայնքի զարգացման ծրագրերին…

Գերմանացի արհմիութենականների՝ փոխքաղաքապետին ուղղված հարցերի շրջանակը բավականին լայն էր՝ արհմիության հետ համագործակցությունից, սոցիալական գործընկերության շրջանակում քննարկվող հարցերից, արհմիութենական միջոցառումներից մինչև համայնքի ղեկավարման մեխանիզմներ, ավագանու որոշումների բովանդակություն ու հայ-ադրբեջանական հակամարտություն…

Գերմանական արհմիութենական պատվիրակության այցը շարունակվեց Տավուշի մարզկենտրոն Իջևանում, որտեղ արհմիութենականները հանդիպում ունեցան Իջևանի տարածքի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների արհմիության նախագահ Աիդա Աչինյանի, արհմիության երիտասարդ ներկայացուցիչների հետ: Տարածքային միության նախագահը ներկայացրեց տարածքային արհմիության կառուցվածը, իրականացվող միջոցառումները, կարևորեց արհմիության կողմից տարվող ուսուցողական միջոցառումները, ընդգծեց ճյուղային միության դերը արհմիութենական միջոցառումներում, ներկայացրեց մարզկենտրոնի նշանակությունը հատկապես զբոսաշրջության ու կրթության ոլորտներում, մեջբերեց գերմանացիներին հետաքրքրող վիճակագրական տվյալներ: Ա.Աչինյանը նաև պատասխանեց գերմանացի արհմիութենականների տարաբնույթ հարցերին՝ կապված սահմանամերձ գոտում հայ-ադրբեջանական հակամարտության ազդեցությանը, բնակչության զբաղվածությանը միտված քաղաքականությանը և այլն:

Հանդիպման ավարտին տարածքային արհմիության նախագահը հույս հայտնեց, որ նման ձևաչափով համագործակցությունը շարունակական կլինի և կնպաստի արհմիութենական շարժմանը:

Հանդիպումներից դուրս պատվիրակության անդամները շրջայց կատարեցին երկու քաղաքների տեսարժան վայրերում, Դիլիջանի համայնքապետարանում, այցելեցին Հաղարծնի վանական համալիր։

Նշենք, որ Գերմանիայի Դաշնության Հյուսիս-Հռենոսյան Վեստֆալիա նահանգի Գերմանական Արհմիությունների Միավորման երիտասարդական հատվածի (DGB-Youth NRW) պատվիրակությունը Հայաստանում էր գտնվում 2017թ. հունիսի 16-25-ը Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության նախաձեռնությամբ:

Փոխադարձ այցն իրականացվում էր «Ռազմավարություն և քարոզչություն երիտասարդական արհմիութենական աշխատանքում» ծրագրի շրջանակում, որի նպատակը երկու երկրների երիտասարդ արհմիութենականների ուսուցումն ու փորձի փոխանակումն էր։

%d bloggers like this: