Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստ. 26 դեկտեմբեր, 2015

Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստ. 26 դեկտեմբեր, 2015

Հաստատվեց հանրապետական կոլեկտիվ պայմանագրի կիրարկումն ապահովող  գործողությունների ծրագիրը:

Ընթացիկ տարվա դեկտեմբերի 22-ին կայացավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի հերթական նիստը: Նիստում օրակարգային էր հանրապետական կոլեկտիվ պայմանագրի կիրարկումն ապահովող գործողությունների ծրագրի (2015-2018թթ.) մասին հարցը:

 Ծրագրին առնչվող առանցքային հարցերի շուրջ արհմիության ներկայացուցիչները ներկայացրին հիմնավոր առաջարկներ: Մասնավորապես` ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Բ.Խարատյանը առաջարկեց ծրագրում նախատեսել միջոցառումների ժամկետներ` ասվածը հիմնավորելով միջոցառումների գերակշիռ մասում դրանց առկայության անհրաժեշտությամբ: Բ.Խարատյանը ներկայացրեց նաև արհմիության կողմի դիրքորոշումը ծրագրում գործատուների հանրապետական միության կողմից ներկայացված այն կետի դեմ, որով կամրագրվեն աշխատաշուկա առաջին անգամ մուտք գործող անձանց համար նվազագույն աշխատավարձի ավելի ցածր շեմի սահմանման կամ որոշակի գործակիցների կիրառման օրենսդրական դրույթներ: Հայաստանի արհմիությունների ներկայացուցիչներին համակարծիք էր նաև ՀՀ կառավարության ներկայացուցիչը, և առաջարկությունը չընդունվեց:

 Հանձնաժողովի անդամ, Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ նախագահ Ա.Ասատրյանը նշեց, որ հաճախ տեղական և պետական կառավարման մարմիններում նոր ընտրված կամ նոր նշանակված ղեկավարներ, խախտելով ՀՀ օրենսդրության` մասնավորապես «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքի պահանջները, աշխատողներին հրահրում են հրաժարվել արհմիության անդամակցությունից: Հաշվի առնելով նշվածը, ինչպես նաև այն, որ ՀԱՄԿ-ի արհմիության անդամների մեծ մասը պետական ոլորտի աշխատողներ են, ՃՀՄ նախագահն առաջարկեց հանրապետական կոլեկտիվ պայմանագրի կիրարկումն ապահովող գործողություններում (2015-2018թթ.) նախատեսել սոցիալական գործընկերության վերաբերյալ սեմինարներ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների շրջանում` սոցիալական գործընկերությունում խոչընդոտները բացառելու համար:

          Հանձնաժողովի նախագահ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա.Ասատրյանը խնդրին աջակցության պատրաստակամություն հայտնեց` օգտվելով հանրապետական կոլեկտիվ պայմանագրում ամրագրված իրավունքներից, իր` կառավարության ներկայացուցչի կողմից համապատասխան ատյաններ դիմելու միջոցով` համապատասխան առաջարկի դեպքում:

      Հնչեցին նաև միջոցառումների եռամյա ծրագրի հետ կապված այլ առաջարկներ ոչ միայն Հայաստանի արհմիության, այլև գործատուների հանրապետական միության, կառավարության ներկայացուցիչների կողմից:

      Նշենք, որ հաստատված ծրագիրն ընդգրկում է սոցիալական գործընկերության կողմերի միջև եռամյա միջոցառումներ հետևյալ ուղղություններով` աշխատողների անվտանգության և առողջության պահպանման, աշխատանքի, աշխատավարձի և աշխատողների կենսամակարդակի, աշխատաշուկայի և զբաղվածության, սոցիալական ապահովագրության, սոցիալական պաշտպանության, սոցիալ-տնտեսական ոլորտներում:

Discover more from Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading