Սոցիալական երկխոսությունը՝ արհմիության ղեկավարների քննարկման թեմա

Ընթացիկ տարվա սեպտեմբերի 3-5-ը ճյուղայինի շուրջ երեք տասնյակ արհմիության ղեկավարներ Ծաղկաձորում քննարկեցին սոցիալական երկխոսությունը տարբեր մակարդակներում: Ճյուղային արհմիության նախագահ Ա. Ասատրյանը ներկաներին իրազեկեց հանրապետությունում սոցիալական գործընկերության երաշխիք հանդիսացող հանրապետական կոլեկտիվ պայմանագրի կնքման մասին` վավերացված ՀՀ կառավարության, ՀԱՄԿ-ի և Հայաստանի գործատուների հանրապետական միության ղեկավարների կողմից: Պայմանագրով սահմանված կարգով ձևավորվել է եռակողմ հանձնաժողով` պայմանագրային պարտավորությունների կատարման ապահովման նպատակով: Նշենք, որ հանձնաժողովի անդամ է նաև ՀՀ պետհիմնարկների արհմիության նախագահ Ա.Ասատրյանը:

Սեմինարի ընթացքում քննարկվեցին սոցիալական երկխոսության տարբեր մակարդակները, խնդիրները. ՃՀՄ նախագահը ներկայացրեց նաև միջազգային փորձը` առաջարկելով սոցիալական գործընկերության շրջանակներում այն կիրառել նաև տեղի արհմիություններում:

Երկօրյա սեմինարի ընթացքում ծավալվեցին տարաբնույթ արհմիութենական խորհրդակցություններ: ՃՀՄ նախագահը նկատեց, որ չնայած բազմաթիվ զգուշացումներին, անդամ կազմակերպություններում մշտապես խնդիրներ են առաջանում ֆինանսական տվյալների ներկայացման, դրամարկղային գրքի վարման, փաստաթղթային ձևակերպումների և այլնի հետ:

Երկօրյա սեմինարի ընթացքում գումարվեց նաև նախագահության ընդլայնված նիստ: Քննարկվեցին Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրվա հետ կապված միջոցառումների տարբերակներ: Որոշեցին հոկտեմբերի 7-ին անդամ կազմակերպությունների արհմիության անդամների մասնակցությամբ անցկացնել խաղաղ երթ: Քննարկվեցին անդամ կազմակերպություններից ստացված առաջին կիսամյակի ֆինանսական տվյալները: Նախագահությունը որոշեց նաև արհմիութենական ակտիվ աշխատանքի համար ՃՀՄ պատվոգրով պարգևատրել արհմիության երկու ղեկավարների Գավառի տարածքից: