Կլոր սեղան՝ Հանրային ծառայության օրվա կապակցությամբ
ՄԱԿ-ի կողմից հունիսի 23-ը հռչակված է Հանրային ծառայության օր։
Այս կապակցությամբ, Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային արհմիությունը, Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի աջակցությամբ հունիսի 24-ին կազմակերպեց կլոր սեղան — քննարկում՝ հանրային ծառայության օրվա խորհրդի, հանրային ծառայողի բարեվարքության, ինչպես նաև պետական համակարգում աշխատանքային հարաբերությունները կարգավորող միջազգային ստանդարտների վերաբերյալ: Միջոցառմանը մասնակցեցին մի շարք պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև հանրային հատվածում գործող արհմիությունների ղեկավարներ։
Բացման խոսքով մասնակիցներին ողջունեցին արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը և Ֆրիդիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ծրագրերի համակարգող Լիանա Բադալյանը։
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատողների արհմիության նախագահ Մարինե Մկրտչյանը ներկայացրեց օրվա խորհուրդը և տարբեր պետություններում օրվա կապակցությամբ տեղի ունեցող միջոցառումները։
ՀՀ պետական կառավարման ակադեմիայի լրացուցիչ կրթության վարչության պետ Գայանե Հովհաննիսյանը ներկայացրեց հանրային ծառայության առաքելության և ծառայողների բարեվարքության հետ կապված առանձնահատկությունները։ Ճյուղային արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը խոսեց պետական ու համայնքային ոլորտում սոցիալական գործընկերության առկա խնդիրների և ճյուղային արհմիության գործունեության մասին։
Ճյուղային արհմիության կազմակերպական աշխատանքների և արտաքին կապերի մասնագետ Արսեն Իգիթյանը ներկայացրեց ՀՀ կողմից վավերացված Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) թիվ 151 “Պետական ոլորտում աշխատանքային հարաբերությունների մասին” կոնվենցիայի դրույթները և դրա ներդրման հետ կապված խնդիրները։
Մասնակիցներին ներկայացվեց նաև ճյուղային արհմիություն նախագահության կողմից ընդունված հայտարարությունը՝ Հանրային ծառայության օրվա հետ կապված։








Մայիսի 1-ին աշխատողները պահանջեցին ժողովրդավար սոցիալական երկխոսություն և արժանապատիվ վարձատրություն
Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը Աշխատավորների համերաշխության օրը Երևանում կազմակերպեց մայիսմեկյան երթ՝ պահանջելով ժողովրդավար սոցիալական գործընկերություն, սոցիալապես արդար հարկային համակարգ, արժանապատիվ վարձատրություն, պետական ներդրումների ավելացում, հանրային ծառայությունների բարելավում, քաղծառայողների բազային վարձատրության ավելացում, սոցիալական փաթեթի տրամարդում համայքնային աշխատողներին։
Արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը խոսք ուղղեց երթի մասնակիցներին, անդրադառնալով օրվա խորհրդին, աշխատողների խնդիրներին։ Նա համոզմունք հայտնեց, որ արժանապատիվ աշխատանքի հասնելուն և աշխատողների իրավունքների ընդլայնելուն ուղղված արհմիությունների միասնական և հետևողական ջանքերը կտան իրենց արդյունքը։ Նա կարևորեց երկրում ժողովրդավարության կառուցումը, քանի որ դա միակ ճանապարհն է որոշումների ընդունմանը աշխատողներին մասնակից դարձնելու և նրանց ձայնը տեղ հասցնելու համար։
Արհմիության երթին միացավ նաև Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի (ՀԱՄԿ) նախագահ Էլեն Մանասերյանը, որը նույնպես խոսք ուղղեց երթի մասնակիցներին։
Երթի մասնակիցները Ավետիք Իսահակյանի արձանի մոտից քայլեցին դեպի Շառլ Ազնավուրի հրապարակ։
Արհմիութենականները Մայիսմեկյան երթից հետո միասին գեղարվեստական ֆիլմ դիտեցին:


















Նոյեմբերի 25-ը կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օր
Նոյեմբերի 25-ը արդեն 19 տարի անընդմեջ, նշվում է որպես Կանանց նկատմամբ բռնության կանխարգելման միջազգային օր: Հայաստանի պետհիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հանրային ծառայությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը, որպես հանրապետական մակարդակի արհմիություն, և որպես մի շարք տարածաշրջանային և համաշխարհային արհմիությունների անդամ, մասնակցում է Նոյեմբերի 25-ին նվիրված #Վավերացրու գլոբալ արշավին:
Քանի որ աշխատավայրում կանանց նկատմամբ բռնությունն ու ոտնձգությունը շարունակում է մնալ վիթխարի խնդիր, իսկ ընտանեկան բռնությունը շարունակում է խափանել կանանց և աղջիկների լիարժեք մասնակցությունը տնտեսությանն ու աշխատաշուկայում, ինչպես նաև խափանում է նրանց լիարժեք մուտքը դեպի հանրային ծառայություններ, նշված խնդիրը գտնվում է աշխարհի բոլոր արհմիությունների գործունեության կիզակետերից մեկում: Ուստի նոյեմբերի 25-ի արշավը բազմաթիվ գլոբալ արշավների ցանկում է և աշխարհի բոլոր արհմիությունները տարվա ընթացքում նմանատիպ ակցիաներ են կազմակերպում։ Տվյալ արշավի նպատակն է՝ աջակցել կամ ստիպել պետությունների գործադիր և օրենսդիր մարմիններին մշակել իրավական, օրենսդրական և ինստիտուցիոնալ դաշտ՝ ուղղված կանանց նկատմանբ բռնության կանխարգելմանը, ինչպես նաև ընտանեկան բռնության կանխարգելմանը:
Կանանց նկատմանբ բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության կանխարգելման հետ կապված հարցերը պատշաճ չափորոշիչային և իրավական եղանակով լուծելուն, անհրաժեշտ են մի շարք իրավական և գործնական մեխանիզմներ, որոնցից են.
1) գենդերային հիմքով բռնության և ոտնձգության կանխարգելիչ միջոցառումների ներդրումը, մեղավորին պատասխանատվության ենթարկող չափորոշիչների սահմանումը, զոհի պաշտպանությանն ու աջակցությանն ուղղված ռեսուրսների և ենթակառուցվածքների ստեղծումը
2) հանրային ծառայությունների համապատասխան պատրաստվածության ներդրումը՝ նշված թիրախային խնդրի հետ առնչվելու համար, և կանանց ու աղջիկների անխափան հասանելիությունը հանրային և սոցիալական ծառայություններին
3) իրավապահ մարմինների համապատասխան վերազինումն ու վերապատրաստումը՝ նշված խնդրի հետ առընչվելու համար
4) աշխատանքային հարաբերություններում համապատասխան նորմերի մշակումը և համապատասխան միջոցառումների կազմակերպումը՝ նշված խնդիրները կանխարգելելու համար
5) գենդերային հիմքով հանցանքների հետ կապված ռիսկերի և վտանգների գնահատումը
6) աշխատողներին ու գործատուներին կրթական նյութերով, թրեյնինգներով և վերապատրաստմամբ ապահովելը
7) ներառական աշխատանքային քաղաքականության մշակումը
Այս ամենը պետական մակարդակով ներդնելու և բռնության կանխարգելման դեմ ինստիտուցիոնալ պայքարի համար պետությունները պարտավոր են վավերացնել գենդերային հիմքով բռնության դեմ ուղղված երկու հիմնարար Կոնվենցիաներ:
Առաջինը՝ Աշխատանքի Միջազգային Կազմակերպության կողմից 2019 հունիսին ընդունված C190 “Աշխատանքում բռնության և ոտնձգության վերացնելու մասին” Կոնվենցիան է: Այն սահմանում է գլոբալ ստանդարտներ, մասնավորապես իգական սեռի աշխատողների համար, որտեղ երաշխավորվում են աշխատողների համար անվտանգ և առողջ պայմանները: Այն նաև հստակ սահմանում է ոտնձգությունը՝ որպես գործողություն, ինչպես նաև տրվում են գենդերային հիմքով բռնության համապարփակ սահմանումներ:
Երկրորդը՝ Եվրոպայի Խորհրդի կողմից ընդունված «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիան է: Վերջինս կրճատ ընդունված է նաև անվանել «Ստամբուլյան կոնվենցիա»՝ ըստ ընդունման վայրի: Այս կոնվենցիան ավելի լայնորեն և ընդհանրական է անդրադառնում գենդերային հիմքով բռնությանը՝ մասնավորապես աշխատավայրում կանանց նկատմամբ, սահմանում է միջոցառումներ՝ ընտանեկան բռնության և անձնական տվյալների պաշտպանության հետ կապված: Այն նաև նախատեսում է աշխատավայրում և ամենուր կանանց համար բռնության տարբեր տեսակի հնարավոր սցենարներն ու դրանց գնահատումը:
Նոյեմբերի 25-ին ընդառաջ արհմիութենական միջազգային համայնքի կողմից տարվող արշավը միտված է կոչ անելու վավերացնել ԱՄԿ C190 կոնվենցիան: Որոշ սակավաթիվ երկրների դեպքում, ինչպիսիք Լատվիան, Ուկրաինան, Մոլդովան, Բուլղարիան, Ադրբեջանը, Հունգարիան և Հայաստանը, արշավը ներառում է նաև Եվրոպայի խորհրդի համապատասխան կոնվենցիայի վավերացումը, քանի որ այս երկրները այն դեռ չեն վավերացրել: Արշավը ենթադրում է մինչև Նոյեմբերի 25-ը միասնական և համակարգված տարածել տեղեկատվական նկարներ, հեշթեգներ, կոչեր, այլ վիզուալ նյութեր, գրություններ՝ միտված թե՛ ԱՄԿ 190 կոնվենցիայի, թե՛ «Ստամբուլյան» կոնվենցիայի վավերացմանը:
Երիտասարդական սեմինար․ «Արհմիութենական այբուբեն»
Հուլիսի 20-ին ՀԱՄԿ-ի դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության երիտասարդական խորհրդի և աշխատակազմի կազմակերպած «Արհմիութենական այբուբեն» թեմայով սեմինարը։ Սեմինարի մասնակիցներն էին տարբեր կազմակերպություններում աշխատող մոտ 20 երիտասարդներ։
Սեմինարի ընթացքում մասնակիցները ծանոթացան միմյանց հետ, տեղեկացան թե ինչ է և ինչպես է գործում արհմիությունը։ Ճյուղային արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը պատասխանեց մասնակիցների հարցերին, իսկ մասնակիցները ներկայացրեցին իրենց պատկերացումները արհմիությունների մասին։ Երիտասարդները հույս հայտնեցին, որ նման հանդիպումները հաճախակի կլինեն և ավելի մեծ թվով աշխատողներ կընդգրկեն։
Բոուլինգի 7-րդ մրցաշար, 2019
Հունիսի 23֊ին տեղի ունեցավ Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ֊երի աշխատողների արհմիության բոուլինգի 7֊րդ մրցաշարը, որը նվիրված էր ՄԱԿ֊ի կողմից հռչակված Հանրային ծառայությունների համաշխարհային օրվան։
Ճյուղային արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը բացման խոսքում կարևորեց Հանրային ծառայողի դերը պետականության զարգացման գործում և հույս հայտնեց, որ Հայաստանում շուտով հռչակվի Հանրային ծառայողի օրը օրը։
Բոուլինգի մրցաշարին մասնակցում էին 17 անդամ֊կազմակերպությունների՝
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի,Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի, Աշխատանքի և սոցիալական հարցեր նախարարության աշխատակազմի, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի, Երևանի 71 մանկապարտեզ ՊՈԱԿ֊ի, Զբաղվածության պետական գործակալության, Ջրային կոմիտեի, Մատենադարանի, Վիճակագրական կոմիտեի, Ոստիկանության ոչ֊ծառայողների, Խարբերդի մասնագիտացված մանկատան, Պետական գույքի կառավարման կոմիտեի, Վարչապետի աշխատակազմի, Հայաստանի պատմության թանգարանի, Պետական եկամուտների կոմիտեի, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի արհեստակցական կազմակերպությունների թիմեր։ Մասնակցում էր նաև Երևանի ավագանու թիմը։
Թեժ մրցապայքարում ընթացավ առաջնությունը՝ տալով հետևյալ արդյունքները․
Թիմային մրցաշարի ճյուղային արհմիության գավաթին ու ոսկե մեդալին արժանացավ ՀՀ ՊԵԿ աշխատողների արհեստակցական կազմակերպությունը՝ հավաքելով 598 միավոր։ 2-րդ տեղը զբաղեցրեց Երևանի քաղաքապետարանի աշխատողների արհեստակցական կազմակերպությունը՝ 594 միավորով, 3-րդ տեղը բաժին հասավ Հայաստանի պատմության թանգարանի աշխատողների արհեստակցական կազմակերպությանը, որը հավաքել էր 575 միավոր։
Անհատական մրցաշարի ճյուղային արհմիության փոքր գավաթին ու ոսկե մեդալին արժանացան Սվետլանա Ոսկանյանը (Պետական գույքի կառավարման կոմիտե)՝ 132 միավորով ու զբաղեցրել 1-ին տեղը։ 2-րդ տեղը զբաղեցրեց Գագիկ Հարությունյանը (Արաբկիր ՎՇ ղեկավարի աշխատակազմ) 129 միավորով, իսկ 3-րդ տեղում էր Արմինե Թոքմաջյանը (Երևանի քաղաքապետարան)՝ 127 միավորով։
ԱՄԿ աշխատանքի միջազգային 108-րդ կոնֆերանս
2019 թվականի հունիսի 10-ից 21-ը Ժնևում ՄԱԿ-ի Ազգերի պալատում տեղի է ունենում ամենամյա Աշխատանքի միջազգային համաժողովը։ Այն հոբելյանական է և նվիրված է Աշխատանքի միջազգային կազմակերպության 100-ամյակին։ Արդեն երևում է, որ Համաժողովը դառնում է պատմական իրադարձություն, քանի որ կոչված է հրավիրելու ամբողջ աշխարհի ուշադրությունը աշխատանքի աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին և ԱՄԿ դերի բարձրացմանը այդ զարգացումներում:
Կոնֆերանսին մասնակցում են կառավարական պատվիրակությունների, գործատուների և աշխատողների մոտ 6000 ներկայացուցիչներ 187 անդամ երկրներից։ Ներկա են ավելի քան 50 բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում պետությունների 45 ղեկավարներ։ Ելույթներ են ունենում և կոնֆերանսի աշխատանքներին են մասնակցում Իտալիայի, Նորվեգիայի, Գերմանիայի, Շվեդիայի, Թուրքիայի, Վրաստանի, Կիպրոսի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Մալտայի, Սլովենիայի, Լյուքսենբուրգի, Թունիսի և այլ երկրերի ղեկավարներ։ Նրանք հաստատում են իրենց պատրաստակամությունը աջակցել ԱՄԿ սոցիալական արդարության սկզբունքներին և ընդգծում են արագ փոփոխվող աշխատանքի աշխարհի խնդիրների լուծման կարևորությունը։
Հայաստանի Հանրապետությունը ևս ներկայացված է եռակողմ պատվիրակությամբ՝ ներկա են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զ․ Բաթոյանը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Է․Թումասյանը, Հայաստանի գործատուների միության նախագահ Գ․Մակարյանը։
Համաժողովի ընթացքում նախատեսվում է նաև քննարկել աշխատանքի ապագային նվիրված ԱՄԿ 100-ամյակի Հռչակագրի ընդունումը։
Քննարկմանը են դրված նաև աշխատավայրերում բռնության և ոտնձգության խնդիրները, ինչի մասին ևս նախատեսվում է ընդունել միջազգային փաստաթուղթ։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսը հունիսի 21-ին կմասնակցի համաժողովին: Ինչպես հայտնի է, նա վճռական է տրամադրված իր գործունեությունը դարձնել մարդու արժանապատվության պաշտպանության, կամուրջների կառուցման և բարեփոխումների նորարարության և խրախուսման համար:
Համաժողովին ելույթ ունեցավ նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
Համաժողովի ընթացքին կարող եք հետևել ԱՄԿ-ի ինտերնետային կայքում հետևյալ հղումով՝ https://www.ilo.org/global/lang—en/index.htm։
4 հունիսի, 2019 Մեկնարկեց EPSU X-րդ համագումարը
Հունիսի 4-ին Դուբլինում մեկնարկեց Եվրոպայի Հանրային ծառայությունների արհմիությունների դաշնության (EPSU) տասերորդ համագումարը, որը կրում է «Ապագան բոլորի համար» խորագիրը։
Չորսօրյա միջոցառման ընթացքում պատվիրակները քննարկելու և ընդունելու են արդար ապագային ուղղված գործողությունների ծրագիրը։
Հնգամյակը մեկ տեղի ունեցող համագումարը այս տարի սևեռելու է ուշադրությունը թվայնացման մարտահրավերների, մասնավորեցման դեմ պայքարի և արհմիությունների միջև զորակցության վրա։
Իռլանդիայի նախագահ Մայքլ Հիգգինսը նույնպես ելույթ ունեցավ համագումարի բացմանը։
EPSU գլխավոր քարտուղար Յան Վիլլեմ Գուդրիանը նշեց․ «Մենք պայքարում ենք բոլորի ապագայի համար։ Հանրային ծառայությունները առաջնագծում են գտնվում, ավելի ժողովրդավար հասարակության համար, որտեղ կարեկցում են բոլորին։ Դրա նախապայման է աշխատավայրերում ժողովրդավարության ուժեղացումը, էֆֆեկտիվ կոլետկիվ պայմանագրերը, պրոֆեսիոնալ և արժանապտիվ վարձատրվող աշխատողները»։
Պետհիմնարկների ԱՄՖ խորհրդի նիստին
Մայիսի 28-ին Դուշանբեում կայացավ Պետական հիմնարկների և հանրային ծառայությունների աշխատողների արհմիությունների միջազգային ֆեդերացիայի խորհրդի նիստը։ Քննարկվել են անդամ կազմակերպություններում առաջացող խնդիրները, մասնավորապես՝ Տաջիկստանի պետակահ հիմնարկների աշխատողների արհմիության գործունեությունը, միության եկամուտների և ծախսերի կատարումը և այլ հարցեր։ Օրակարգային հարցերից էր նաև ԱՄՖ ֆինանսա-տնտեսական գործունության վերստուգումների արդյունքների քննարկումը, որը ներկայացրել է ԱՄՖ վերստուգիչ հանձնաժողովի նախագահ, Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության ներկայացուցիչ Ռուբեն Օհանջանյանը։ Խորհրդի նիստից դուրս մասնակիցները այցելեցին Տաջիկստանի տեսարժան վայրեր, ծանոթացան մշակույթի հետ։
Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիության (European Public Service Union/EPSU) երիտասարդական ցանցի ամենամյա նիստին
2019 թվականի հունիսի 1-3-ը Դուբլին քաղաքում տեղի ունեցավ Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիության (European Public Service Unions/EPSU) համագումարին նախորդող երիտասարդական ցանցի ամենամյա նիստը, որին մասնակցում Հայաստանի պետհիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հանրային ծառայությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության EPSU երիտասարդական ցանցի անդամներ Արսեն Իգիթյանը և Լուսինե Ղահրամանյանը: Նիսիտին ներկա էին տարբեր երկրներից ժամանած մեծ թվով երիտասարդներ: Հայաստանից մասնակցում էր նաև Կոմունալ ծառայությունների արհմիության ներակայացուցիչ Վրեժ Ավետիսյանը։
Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիության (European Public Service Unions/EPSU) երիտասարդական ցանցի անդամի կողմից ներկայացվեց 2017-2019 թվականների EPSU-ի կատարած աշխատանքների կազմակերպման և վերահսկման, ինչպես նաև արդյունքների հակիրճ բնութագիրը, որից հետո տեղի ունեցավ սկսվեց քննարկում-բանավեճ անցյալում ունեցած խնդիրների և ապագայում նմանատիպ խնդիրները հաղթահարելու տարբերակներ գտնելու մասին։ Մասնակիցները խմբային աշխատանքներում ներկայացրեցին երիտասարդական թևերում ունեցած խնդիրները, քննարկեցին և ներկայցրեցին խոչընդոտները և հետագա աշխատանքի համար անհրաժշետ քայլերը։
Երիտասարդների աշխատանքը համակարգող Պաբլո Սենտելլասը ներկայացրեց «Երիտասարդ աշխատողների մարտահրավերները արհեստակցական միության շարժման շրջանակներում» կատարված հետազոտության արդյունքները, որին ևս հաջորդեց քննարկում-բանավեճ՝ երիտասարդական ցանցի ապագա անելիքների վերաբերյալ: Նիստը հյուրընկալեց Իռլանդիայի հանրային ծառայությունների արհմիությունների նախագահին և երիտասարդական ցանցի ներկայացուցչին, ովքեր խոսեցին Իռլանդիայում արհմիության ընդհանուր գործունեության և երիտասարդական աշխատանքի մասին և պատասխանեցին մասնակիցների հարցերին։
Ներկայացվեց հետազոտական ծրագիր՝ «Երիտասարդների ապագա տեսլականը աշխատանքի մեջ» խորագրով, և խոսվեց հետազոտության հիմնական արդյունքների մասին։ Մասնավորապես՝ երիտասարդ աշխատողների համար կարևոր խնդիրների մասին՝ համաշխարհային տնտեսական վիճակի, աշխատաշուկայի բնույթի, արհեստակցական միության անդամ դառնալու կամ չդառնալու, ինչի համար է անհրաժեշտ արհմիությունը և ինչքան է ընդհանուր եկամուտից ծախսվում անդամավճարի համար, ինչ հնարավորություններ են ստեղծվում արհմիություններին միանալու դեպքում աշխատանքային պայմանների բարելավման, աշխատաժամանակի, աշխատանքային պայմանագրերի կանոնակարգման և աջակցության, արժանապատիվ կյանք ունենալու հարցում:
Երիտասարդների համար ստեղծվեց հնարավորություն մասնակցելու և հետևելու հունիսի 4-7-ը օր տևած Համագումարի աշխատանքներին։

Ճյուղային հանրապետական միության մայիսմեկյան քայլերթը
Հայաստանի պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հանրային ծառայությունների աշխատողների ճյուղային հանրապետական արհմիությունը մայիսի 1֊ին կազմակերպել էր երթ՝ Աշխատանքի օրվա կապակցությամբ:
Երթին մասնակցում էին ավելի քան 500 արհմիութենական՝ 20-ից ավելի արհմիություններից։
Երթի մասնակիցները հավաքվեցին Ավետիք իսահակյանի արձանի մոտ, որտեղ նրանց ողջույնի խոսքով դիմեց ՃՀՄ նախագահ Անահիտ Ասատրյանը։
Այս տարի մայիսի 1֊ը հատուկ էր նրանով, որ առաջին անգամ երկար տարիների ընթացքում պետությունն ավելի հակված է լսել քաղաքացիների ձայնը։ Այս համատեքստում ՃՀՄ֊ն կարևորում է պետության ու հանրային ծառայողի միջև երկխոսության ստեղծումն ու փոխշահավետ սոցիալական գործընկերության ամրապնդումը։
Այսօր արհմիություններն ավելի նպաստավոր դիրքում են ու հետևաբար պիտի մեծանա նրանց դերը աշխատանքի պաշտպանության, աշխատողների՝ իրենց իրավունքների մասին իրազեկելու, ապահով աշխատանքային միջավայր ստեղծելու ու նրանց շահերը ներկայացնելու մասով։
Ողջույնի խոսքից հետո մասնակցները Աբովյան փողոցով շարժվեցին դեպի Թումանյան փողոց ֊ Հյուսիսային պողոտա հատման կետ, միացան Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի (ՀԱՄԿ) երթին ու միասին շարժվեցին դեպի ՀԱՄԿ շենք։
Երթի հիմնական նշանաբաններն էին․
- Համերաշխ արհմիություն՝ պաշտպանված աշխատանք
- Մարդը գերագույն արժեք է
- Պետություն-արհմիություն փոխշահավետ սոցիալական գործընկերություն
- Հանրային ծառայողների մասնագիտական աճի հնարավորություն
- Հարկային համահարթեցումը մեծացնում է սոցիալական անհավասարությունը







































































































































