Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների ճյուղային հանրապետական արհմիության ուղերձը հոկտեմբերի 7-ի՝ Արժանապատիվ աշխատանքի համար պայքարի օրվա կապակցությամբ։
Այսօր մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ կառավարությունը չի հարգում իր քաղաքացիներին եւ ծրագրում է կրճատել աշխատողների այն իրավունքներն ու արտոնությունները, որոնք ձեռք են բերվել երկարատեւ ու դժվարին պայքարի արդյունքում։ Մենք կոչ ենք անում կառավարությանը զերծ մնալ օտար ազդեցությունից եւ պահպանել այն լավը, ինչ ունենք։ Պետք է միշտ հիշենք, որ մենք ուզում ենք առողջ սերունդ մեծացնել եւ նաեւ ազգի պահպանման խնդիր ունենք։ Միջազգային փորձը ցույց է տվել, որ աշխատողների վիճակը վատացնելով չենք հասնի տնտեսության առողջացման համար շատ կարեւոր բաղադրիչի՝ քաղաքացու գնողունակությանը, իսկ եթե չկա սպառող, չի լինի զարգացում։ Հետեւաբար, աշխատավարձերի բարձրացումը անբեկանելի անհրաժեշտություն է։
Միանալով աշխարհի արհմիությունների՝ աշխատավարձերի բարձրացման, եկամուտների բաշխման հետ կապված սոցիալական արդարության, արդար հարկային քաղաքականության համար պայքարին՝ Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի եւ հասարակական սպասարկման աշխատողների ճյուղային հանրապետական արհմիությունը շարունակում է բարձրաձայնել մեր երկրում պետական հիմնարկների աշխատողների, հանրային ծառայողների տարիներ շարունակ չլուծվող խնդիրները։
Սոցիալական փաթեթը դեռեւս հասանելի չէ պետական ոլորտի աշխատողների բոլոր խմբերին
Տեղական ինքնակառավարման մարմինների եւ դրանց ենթակայության կազմակերպությունների աշխատողները եւս պետք է ունենան սոցիալական փաթեթ
Պետական ծառայողները եւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատողները պետք է պաշտպանված լինեն գործատուների կամայականությունից
Իշխանությունները պետք է զերծ մնան աշխատողներին «արտակարգ» ռեժիմով աշխատեցնելուց
Կարեւորում ենք Հայաստանի Հանրապետությունում հունիսի 23-ը որպես հանրային ծառայողի օր հռչակումը:
Մենք ուզում ենք ապրել մի պետությունում, որտեղ քաղաքացին պաշտպանված է, որտեղ գործում է արդարությունը եւ որտեղ հնարավորություն կա ապահով ու երջանիկ սերունդ դաստիարակելու։