Գերմանիայի Դաշնության Հյուսիս-Հռենոսյան Վեստֆալիա նահանգի Գերմանական Արհմիությունների Միավորման (ԳԱՄ) երիտասարդական հատվածի (DGB-Youth NRW) պատվիրակությունը հունիսի 20-ին հյուրընկալվեց Երևանի քաղաքապետարանում:
Քաղաքապետարանի աշխատողների արհեստակցական կազմակերպության ղեկավար Լ.Սարգսյանի և ակտիվի հետ ծանոթությունից զատ հյուրերը տեղեկացան արհեստակցական կազմակերպության գործունեությանն ու խնդիրներին: Հանդիպմանը զուգահեռ գերմանացի արհմիութենականները շրջայց կատարեցին քաղաքապետարանի շենքում, Երևանի պատմության թանգարանում ծանոթացան Երևանի քաղաքի պատմությանը:
Ի դեպ, նախորդ տարվա նոյեմբեր ամսին Գերմանիայի նշված նահանգ այցելած հայ երիտասարդ արհմիութենականների պատվիրակության կազմում էր նաև Երևանի քաղաքապետարանի արհեստակցական կազմակերպության ներկայացուցիչը:
Հաջորդ օրը՝ հունիսի 21-ի գերմանական արհմիութենական պատվիրակությունը ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունում հանդիպում ունեցավ ԱՎԾ արհմիության նախագահ Մ.Պետրոսյանի և ակտիվ երիտասարդների հետ: Հայ վիճակագիր արհմիութենականները գերմանացի հյուրերին ներկայացրին ԱՎԾ արհմիության կառուցվածքը, աշխատողների շահերի պաշտպանությունը, սոցիալական գործընկերության շրջանակում քննարկվող խնդիրները, տեղում և ճյուղային միության հետ իրականացվող միջոցառումները:
Նշենք, որ Գերմանիայի Դաշնության Հյուսիս-Հռենոսյան Վեստֆալիա նահանգի Գերմանական Արհմիությունների Միավորման երիտասարդական հատվածի (DGB-Youth NRW) պատվիրակությունը Հայաստանում էր գտնվում 2017թ. հունիսի 16-25-ը Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության նախաձեռնությամբ: Փոխադարձ այցն իրականացվում էր «Ռազմավարություն և քարոզչություն երիտասարդական արհմիութենական աշխատանքում» ծրագրի շրջանակում, որի նպատակը երկու երկրների երիտասարդ արհմիութենականների ուսուցումն ու փորձի փոխանակումն էր։