2016 թվականի նոյեմբերի 24-ին Իսրայել պետության Երուսաղեմ քաղաքում անցկացվեց Պետական հիմնարկների և հասարակական սպասարկման աշխատողների արհմիությունների միջազգային ֆեդերացիայի խորհրդի հերթական նիստը: Հայաստանի պետհիմնարկների արհմիությունը նիստում ներկայացնում էր ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատողների արհեստակցական կազմակերպության նախագահ Աշոտ Ղազեյանը:
Նիստին մասնակցում էին նաև ԱՄՖ խորհրդի անդամներ ու ներկայացուցիչներ Իսրայելից, Ռուսաստանից, Ղազախստանից, Բելառուսից, Ադրբեջանից, Ղրղզստանից, Լատվիայից, Մոլդովայից:
Հյուրընկալող երկրի պետական ծառայողների արհմիության նախագահ Ա.Յակոբին զեկուցեց Իսրայելի արհմիության կառուցվածքի, մեթոդների և գործունեության հիմնական ուղղությունների մասին:
Օրակարգային հարցերի շրջանակում մասնակիցները ներկայացրին 2016թ. մայիս-դեկտեմբեր ժամանակահատվածում ԱՄՖ անդամ արհմիությունների խնդիրները: Հայաստանի արհմիության ներկայացուցիչ Ա.Ղազեյանը առաջնահերթ համարեց ՀՀ վարչապետի կողմից պետական ոլորտում սկիզբ առած կրճատման գործընթացի մասին: Արհմիության նախագահը նշեց, որ Հայաստանի պետհիմնարկների հանրապետական արհմիության նախագահը կրճատման վտանգի առաջ հայտնված բազմաթիվ արհմիության անդամների մտահոգությունը գրությամբ հայտնել է կառավարության ղեկավարին և առաջարկել է կազմակերպել հասարակական քննարկումներ արհմիությունների մասնակցությամբ, բազմակողմանիորեն վերլուծել աշխատողների կրճատումներից բխող բոլոր հնարավոր բացասական և դրական հետևանքները, որից հետո միայն իրավիճակին համապատասխան լուծում տալ:
Ի դեպ, մինչ այդ Հայաստանի պետհիմնարկների արհմիության նախագահը կրճատումների խնդրով դիմել էր ԱՄՖ նախագահին` խնդրելով ոչ միայն ֆեդերացիայի, այլ նաև ֆեդերացիայի անդամ արհմիությունների աջակցությունը, մասնավորապես` համապատասխան գրություններով դիմումները ՀՀ կառավարություն:
Նիստում ամփոփվել են անցնող տարվա աշխատանքային պլանի կատարումը, ֆեդերացիային վճարված անդամավճարները, սահմանվել է գալիք տարվա աշխատանքային պլանը, ֆեդերացիային վճարվող անդամավճարների չափը` ըստ երկրների:
ԱՄՖ կանոնադրությամբ սահմանված կարգով խորհուրդը 2017թ. սեպտեմբեր ամսին հրավիրել է ԱՄՖ համագումար, պլանավորել է համագումարի, ինչպես նաև ԱՄՖ 25-ամյակին նվիրված միջոցառումները:
Խորհրդի նիստից դուրս մասնակիցները ծանոթացել են երեք կրոնների սրբավայր համարվող Երուսաղեմին, խոշորագույն Թել Ավիվ և Հայֆա քաղաքներում ծանոթացել են պատմական մշակութային ժառանգությանը: