ՊԵՏՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԻՆ

ՊԵՏՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԻՆ

Հայաստանի պետհիմնարկների արհմիության երիտասարդական թևի նախաձեռնությունը` Բաղանիս համայնք այցելելու, ամենևին էլ չսահմանափակվեց միայն սահմանամերձ Բաղանիս այցելությամբ և սահմանապահ զինվորներին տեսակցությամբ:

Երիտթևի նախաձեռնությանը միացան ճյուղային հանրապետական արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը, արհմիության գործընկեր «Ռիպա» առողջարանի տնօրեն Ռուզաննա Սարգսյանը, արհմիության ներկայացուցիչներ:

Ռ.Սարգսյանի բարի կամքով առողջարանի թեև օգտագործված, սակայն սահմանամերձ բնակավայրերին այդքան անհրաժեշտ 15 հեռուստացույցները  երիտասարդական թևի մի քանի ներկայացուցիչները ճյուղային հանրապետկան միության նախագահի ու արհմիության ներկայացուցիչների հետ հասցեատերերին  հասցրին սիրով ու նվիրվածությամբ: Իրենց պաշտպանող զինվորների կողքին թեկուզ մի քանի ժամ լինելու ցանկությունը վաղուց էր նրանց ստիպել լարված ժամանակներում սահմանին գտնվելու և եռագույնը ի տես ադրբեջանցու ծածանելու: Նրանք խիզախեցին իրենց մայիսի 15-ը հենց ադրբեջանցու սահմանին կից Բաղանիս գյուղում անցկացնել և մայրաքաղաք վերադարձան մի փոքր հանգստացած խղճով` իրենց արարքով ամրապնդելով մայիսյան եռատոնը:

Այսօր շուրջ 800 բնակիչ ունեցող Բաղանիսի պատմությունը ծայր է առնում հինգերորդ դարից: Դեռևս 1200-ական թվականներին թաթար-մոնղոլներից տուժած բնակավայրը վերականագնել են հենց բաղանիսցիք: Ադրբեջանի սահմանից գյուղի հեռավորությունը ընդամենը երկու կիլոմետր է, անզեն աչքով էլ կարելի է նշմարել ադրբեջանական զինուժի հենակետերը: 2012-ից համայնքի ղեկն ստանձնած Նարեկ Սահակյանը որևէ ջանք չի խնայում համայնքում առկա խնդիրներին լուծում տալու համար: Օրվա խնդիրներին ավելացել է թշնամուն դիմակայելը: Համայնքում կամավորների վաշտ կա. կամավորները քնի ժամերն անցկացնում են դիրքերում` զենքը ձեռքին, զգոն են օրվա քսանչորս ժամը: Կամավորների հրամանատարը Նարեկ Սահակյանն է` Հայաստանում համայնքների ղեկավարների մեջ ամենաերիտասարդը, ով նաև արհմիության երիտասարդական թևի ակտիվներից է: «Գյուղն ուժեղացված հսկողության տակ է,-հանրապետական արհմիության նախագահի և իր արհմիութենական ընկերների հետ կիսվում է Նարեկը,- այս օրերին էլ դպրոց-մանկապարտեզում պարապմունքը ոչ մի օր չի ընդհատվել:» Գյուղը գիշեր ու ցերեկ արթուն պահելը դարձել է կամավորների առօրյան: Մեկ տարին չբոլորած փոքրիկ Արամն էլ նույն ոգով է մեծանում` առավոտ կանուխ Նարեկ հայրիկին զինվորի հագուստով աշխատանքի ճամփելիս:

Նարեկի միջոցով արհմիութենականները ծանոթացան համայնքի խնդիրներին, տարվող աշխատանքներին ու աշխատողների աշխատանքային պայմաններին: Համայնքի դպրոցում 110 աշակերտ է սովորում, մանկապարտեզում դաստիարակվում են 18-ից ավել երեխա: Արհմիության ներկայացուցիչների մանկապարտեզ այցելությունն ասես տոն էր փոքրիկների համար. արհմիության երիտասարդները նրանց անհրաժեշտ գրենական պիտույքով ու քաղցրավենիքով դիմավորեցին: Հայրենասիրությունն այստեղ սկսվում է հենց մանկապարտեզից: Բաղանիսցին հարուստ է իրեն պաշտպանող ազատամարտիկներով, հպարտ` հայրենի հողը  սեփական կյանքից վեր դասող հերոսներով:

Արհմիության ներկայացուցիչները եղան նաև դիրքերում, քաղցրավենիք, սուրճ, թեյ ու ծխախոտ տարան սահմանը պահող զինվորներին, մի քանի ժամով զգացին սեփական հողը պահելու դժվարությունը, հուզվեցին ու գոտեպնդվեցին հայ զինվորի սխրանքներով:

Արհմիութենականների այցը սահմանամերձ բնակավայրեր ավարտվեց հայոց հնագույն Հաղարծնի վանքային համալիրում խաղաղության աղոթքներով:

Հ.Գ. Երանի արհմիության աննշան թվացող այս քայլին միանար յուրաքանչյուր աշխատող, յուրաքանչյուր գործատու, յուրաքանչյուր հայ մարդ, ով գիտակցում է, որ հայ զինվորը միայն մեր միասնությամբ է աներեր:

Արհմիության ուժն էլ է միասնության մեջ:

%d bloggers like this: