Կանայք և արհմիությունը

Կանայք և արհմիությունը

2014թ. սեպտեմբերի 23-ին Աղվերանում մեկնարկած Աշխատանքի միջազգային կազմակերպության նախաձեռնած «ԱՄԿ-ի սոցիալական կոնվենցիաները և կոլեկտիվ բանակցությունները» թեմայով սեմինարը համախմբել էր հայաստանյան արհմիությունների կին լիդերներն էին: Եռօրյա սեմինարի կազմակերպիչները Աշխատանքի միջազգային կազմակերպությունը, Արհմիությունների համընդհանուր համադաշնությունն ու Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան էին: Սեմինարին մասնակցում էին Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի խորհրդական Օլգա Նիկոլայեն Բելգիայից, Աշխատանքի միջազգային կազմակերպության Մոսկվայի բյուրոյի ներկայացուցիչ Լյուդմիլա Ուսկովան, ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Բորիս Խարատյանը, ճյուղային հանրապետական միությունների նախագահները, ՀԱՄԿ-ի աշխատակազմի պատասխանատու աշխատողներն ու արհմիութենական կազմակերպությունների նախագահները: Սեմինարը վարում էր ՀԱՄԿ-ի պատասխանատու քարտուղար Գառնիկ Վաղարշակյանը: 

Ծրագիրը խիստ հագեցած էր. միջազգային փորձագետների ներկայությամբ և մասնակցությամբ քննարկվեցին արժանապատիվ աշխատանքն ու արհմիությունները, աշխատող կանանց և երիտասարդների խնդիրները, գենդերային հավասարությունն ու արհմիությունները, Աշխատանքի միջազգային կազմակերպության քաղաքականությունը, Հայաստանում աշխատանքի պաշտպանության և անվտանգության խնդիրները և այլն: 

Լայնածավալ քննարկումների արդյունքներն ամփոփելուց հետո ներկաները հույս հայտնեցին բացահայտված առկա արհմիութենական խնդիրներն ուսումնասիրել ու օժանդակել դրանց կարգավորման հարցերում: Սեմինարի ընթացքում ակտիվ քննարկումներ եղան արհմիություններում երիտասարդ կանանց թվաքանակի ավելացման և դերի բարձրացման, ընտանիքում, աշխատաշուկայում գենդերային խտրականության տարատեսակ դրսևորումների շուրջ, եզրահանգումը մեկն էր` կանայք ամենուրեք պետք է ներկայացված լինեն, քանի որ խնդիրները, որոնք կապված են ընտանիքի, երեխաների, մայրության իրավունքի հետ, կանայք ունակ են պաշտպանելու և պաշտպանում են:

Սեմինարի մասնակիցների առօրյան զուտ քննարկումներով չսահմանափակվեց: Նրանք այցելեցին նաև 11-րդ դարում կառուցված Բջնիի Սբ. Աստվածածին եկեղեցին:

%d bloggers like this: