Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

Ինչպես են խախտվում արհմիության իրավունքներն ու միջազգային օրենսդրությունը Հայաստանում

Որպես Աշխատանքի Միջազգային կազմակերպության (ԱՄԿ, ILO) անդամ Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է ընդհանուր առմամբ ԱՄԿ-ի 29 Կոնվենցիաներ, ներառյալ բոլոր 8 հիմնարար կոնվենցիաները։

Չնայած, որ միավորման ազատությունը և կոլեկտիվ բանակցության իրավունքը երաշխավորված է հիմնարար կոնվենցիաներով, այնուամենայնիվ թե՛ ազգային օրենսդրությունում, թե՛ գործնականում առկա են այդ հիմնարար իրավունքների խախտումներ։ Առավելապես, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում պարբերաբար տեղի են ունենում ԱՄԿ Կոնվենցիաներով ամրագրված, մասնավորապես Միավորման ազատության կոնվենցիայով ամրագրված  իրավունքների խախտումներ, սակայն շատ դեպքերում պաշտոնյաների կողմից կատարված խախտումները ապացուցելի չեն լինում, քանի որ աշխատողները միշտ չէ, որ պատրաստ են բարձրաձայնել դրանց մասին:

Ոչ բոլորն ունեն միավորման իրավունք

Այսպես, օրինակ ԱՄԿ թիվ 151 Կոնվենցիայի հոդված 4-ը պնդում է․

1. Պետական ծառայողներն օգտվում են պատշաճ պաշտպանությունից ընդդեմ իրենց աշխատանքի կապակցությամբ միավորվելու դեմ ուղղված խտրականության։

2. Նման պաշտպանությունը կիրառվում է, մասնավորապես, այն գործողությունների կապակցությամբ, որոնք նպատակ ունեն.

(ա) պետական ծառայողների աշխատանքը ենթարկել այնպիսի պայմանի, որպեսզի նրանք չանդամակցեն պետական ծառայողների կազմակերպության կամ հրաժարվեն նման կազմակերպությունում իրենց անդամակցությունից,

(բ) հանգեցնել պետական ծառայողին աշխատանքից հեռացնելուն կամ ցանկացած այլ միջոցով վնաս պատճառելուն այն բանի հիման վրա, որ նա պետական ծառայողների կազմակերպության անդամ է կամ մասնակցում է նման կազմակերպության բնականոն գործունեությանը։

Նույն կոնվենցիայի 1-ի 3-րդ կետը սահմանում է «սույն Կոնվենցիայով նախատեսված երաշխիքների կիրառման ծավալը զինված ուժերի և ոստիկանության նկատմամբ սահմանվում է ներպետական օրենքներով կամ ենթաօրենսդրական ակտերով»։

Չնայած, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված ՀՀ Սահմանադրության փոփոխություններով հանվեցին ոստիկանության և զինված ուժերի ծառայողների, ինչպես նաև դատավորների համար մինչ այդ գործող սահմանափակումները, սակայն օրենսդրությունը այդ մասով դեռ չի համապատասխանեցվել Սահմանադրությանը։ Մասնավորապես՝ «Ոստիկանության ծառայության մասին»  ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն «Ոստիկանության ծառայողները չեն կարող լինել որևէ կուսակցության, հասարակական-քաղաքական, հասարակական (բացառությամբ գիտական, մշակութային, մարզական, որսորդական, վետերանների և նմանօրինակ շահերի ընդհանրության հիման վրա միավորված կազմակերպությունների), այդ թվում` կրոնական, արհեստակցական կազմակերպության անդամ իր ծառայողական դիրքն օգտագործել կուսակցությունների, հասարակական, այդ թվում` կրոնական միավորումների շահերի համար, նրանց նկատմամբ վերաբերմունք քարոզել, ինչպես նաև իր ծառայողական պարտականությունները կատարելիս այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնել»:

Նույն սահմանափակումը առկա է նաև «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքի հոդված 6-ի 5-րդ պարբերությունում «Արհեստակցական կազմակերպության մասնակից (անդամ) չեն կարող լինել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, ոստիկանության, ազգային անվտանգության, դատախազության մարմինների ծառայողները, ինչպես նաև դատավորները և սահմանադրական դատարանի անդամները»։

Ոչ բոլորն ունեն կոլեկտիվ բանակցելու իրավունք

Նույն վերը նշված 151 Կոնվենցիայի հոդված 9-ի համաձայն՝ «պետական ծառայողները, ինչպես և մյուս աշխատողները, ունեն այն քաղաքացիական ու քաղաքական իրավունքները, որոնք էական նշանակություն ունեն միավորվելու ազատության բնականոն իրականացման համար, միակ պայմանով՝ պահպանել իրենց կարգավիճակից և իրենց գործառույթների բնույթից բխող պարտավորությունները»։ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, սակայն, չի սահմանում քաղաքացիական ծառայողների համար ճյուղային կոլեկտիվ բանակցությունների պետական կողմը, ինչի հետևանքով Հայաստանի պետական հիմնարկների և ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը չունի հնարավորություն կոլեկտիվ բանակցություններ վարելու պետական այդ աշխատողների համար։ Միաժամանակ թիվ 154 Կոնվենցիայի հոդված 5-ը ևս սահմանում է, որ՝

1. Կոլեկտիվ բանակցություններին աջակցելու համար ձեռնարկվում են ազգային պայմաններին հարմարեցված համապատասխան միջոցներ:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նախատեսված միջոցներն ուղղված են այն բանին, որ՝

ա) կոլեկտիվ բանակցությունները հնարավոր լինեն գործատուների և աշխատողների բոլոր կատեգորիաների համար գործունեության այն ոլորտներում, որոնք նախատեսված են սույն Կոնվենցիայով,

բ) կոլեկտիվ բանակցությունները աստիճանաբար տարածվեն այն բոլոր հարցերի վրա, որոնք նշված են սույն Կոնվենցիայի 2-րդ հոդվածի «ա», «բ» և «գ» կետերում,

գ) խրախուսվի գործատուների և աշխատողների կազմակերպությունների միջև համաձայնեցված ընթացակարգի կանոնների մշակումը,

դ) կոլեկտիվ բանակցությունները կարգավորող կանոնների բացակայությունը կամ դրանց անբավարարությունը կամ անհամապատասխան բնույթը չխոչընդոտեն կոլեկտիվ բանակցությունների վարմանը,

ե) աշխատանքային վեճերը լուծող մարմինները և ընթացակարգը կազմակերպվեն այնպես, որ աջակցեն կոլեկտիվ բանակցություններին:

Նույն խնդիրն է առկա նաև համայնքային աշխատողների համար։

Օրենքներն ու արհմիության իրավունքները խախտում են  պետական պաշտոնյաները

ԱՄԿ կոնվենցիայի պահանջները հաճախ Հայաստանի Հանրապետությունում  խախտվում են պետական կազմակերպություններում, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններում, երբ ղեկավար պաշտոնատար անձիք արգելում են աշխատողներին արհեստակցական կազմակերպություն ստեղծելը կամ դրան անդամակցելը. այդպիսի վիճակագրություն առկա է հիմնականում հանրապետության տարածքներում։ Այդ ամենը հաճախ քողարկվում է «աշխատողների ցանկությամբ» և դժվար ապացուցելի է։ Դրա հետևանքով վերջին 10 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության համայնքապետարանների մեծ մասում դադարել են գործել արհեստակցական կազմակերպությունները, մասնավորապես, խոշոր համայնքներում՝ Գյումրիում, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում, Ագարակում, Քաջարանում, Արմավիրում, Ալավերդիում, Թումանյանում և այլն։ Միայն վերջին 5 տարվա ընթացքում համայնքապետարանների թիվը, որտեղ գործում են արհեստակցական կազմակերպություններ նվազել է երկու անգամ, արհմիության անդամների թիվը ևս կրճատվել է 2 անգամ։ Օրինակ՝  հեղափոխությունից անմիջապես հետո, 2018 թվականի ամռանը,  Հրազդան համայնքի ղեկավարության կողմից (Հրազդան համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ Լիլիթ Ստեփանյան) դադարեցվել է աշխատողների արհմիության անդամավճարի փոխանցումը Հրազդանի պետական հիմնարկների տարածքային արհմիությանն առանց աշխատողներին տեղյակ պահելու, և, չնայած, դրանից հետո համայնքի նոր ղեկավար է ընտրվել, իսկ համայնքապետարանում աշխատում են մեր արհմիության ակտիվ անդամներ,  անդամավճարի վճարումը հաշվապահության միջոցով դեռ հնարավոր չի։

Տարածված են դեպքեր, երբ պետական բարձրաստիճան պաշտոնյաները ազդում են իրենց ղեկավարած կառույցներում գործող արհեստակցական կազմակերպությունների վրա։ Նրանք մի կողմից իբր աջակցում են արհեստակցական կազմակերպությանը, մյուս կողմից պահանջում չանդամակցել համապատասխան ճյուղային արհմիություններին, բացատրելով աշխատողներին, որ “իրենց գումարները պետք է անտեղի գնան այլ տեղ”։ Իրականում նման ղեկավարները միաժամանակ փորձում են կառավարել արհեստակցական կազմակերպության ֆինանսական միջոցները, ինչը ևս հակասում է թիվ 151 Կոնվենցիայի հոդված 5-ի 3-րդ կետին, որը սահմանում է, որ «մասնավորապես, այն գործողությունները, որոնք նպատակ ունեն նպաստելու պետական ծառայողների կազմակերպությունների ստեղծմանը պետական մարմնի ենթակայության ներքո կամ աջակցելու պետական ծառայողների կազմակերպություններին ֆինանսավորման կամ այլ միջոցներով՝ այդ կազմակերպությունները պետական մարմնի վերահսկողության ներքո պահելու նպատակով, համարվում են միջամտության գործողություններ սույն հոդվածի իմաստով»։ Նման դեպքերը նաև ԱՄԿ 87` Միավորման ազատության հիմնարար Կոնվենցիայի խախտում են, քանի որ ոչ մեկ իրավունք չունի միջամտել արհմիության ներքին գործունեության մեջ, առավել ևս ֆինանսական առումով։

Նման կազմակերպություններ պետական ոլորտում բազմաթիվ են, և այդպիսի արհեստակցական կազմակերպությունները շարունակում են նույն ոճով գործել նաև ղեկավարների փոփոխությունից հետո, մասնավորապես՝ այդպես նախկինում գործել են և շարունակում են գործել Արդարադատության նախարարության, Բնապահպանության նախարարության, Արտաքին գործերի նախարարության, Արտակարգ իրավիճակների նախարարության, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատողների արհեստակցական կազմակերպությունները և այլն։ Կարևոր է ևս մեկ անգամ շեշտել, որ նման բոլոր դեպքերը դժվար ապացուցելի են, քանի որ աշխատողները հիմնականում չեն բացահայտում ղեկավարների պահվածքը։

Որպես օրինակ կարելի է բերել Արդարադատության նախարարին 2018 թվականի հունիսին Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությանկողմից ուղղված նամակը, որով տեղեկացնում ենք գործող արհեստակցական կազմակերպության մասին և որին ի պատասխան, հին ոճով մեզ շարունակում են հավաստիացնել, որ ժողով է հրավիրվել և կոլեկտիվի կողմից ընդունվել է որոշում չանդամակցել ճյուղային արհմիությանը, սակայն մեր ներկայացուցիչներին դարձյալ հնարավորություն չի տրվել ներկա գտնվել նշված ժողովին, որի կայացումը կասկածի տակ ենք առնում, քանի որ շատ աշխատողներ տեղյակ չեն նման ժողովի անցկացման մասին։ Մեկ այլ նամակագրության մեջ Լոռու նախկին մարզպետից ստացված գրության մեջ նա, փաստորեն, խոստովանում է, որ ինքն է ընդունում որոշում ճյուղային արհմիություն փոխանցվելիք անդամավճարի մասին։

Միայն հեղափոխությունից հետո 2018 թվականի ամռանը Արմավիրի և Վայոց Ձորի մարզպետարաններում մարզպետների (Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյան) դրդմամբ անօրինական կերպով կասեցվել  է անդամավճարների գանձումը, ինչով փաստորեն դադարեցվել է արհեստակցական կազմակերպությունների գործունեությունը։ Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանը, չբավարարվելով իր կողմից կատարած անօրինական գործողություններով, փորձել է պարտադրել նաև համայնքների ղեկավարներին հրաժարվել արհեստակցական կազմակերպություններին աշխատողների անդամավճարը փոխանցելուց, անվանելով դա «գործատուի կողմից համապատասխան արհեստակցական միությանը ֆինանսական միջոցների տրամադրում», ինչը չի համապատասխանում իրականությանը: Նույն մարզպետը ճյուղային արհմիության նամակը թողել է անպատասխան, խախտելով Աշխատանքային օրենսգրքի հոդված 66-ը, ինչը նաև թիվ 135 Կոնվենցիայի խախտում է։

2015 թվականին Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) ղեկավարությունը «բացահայտելով», որ վարչությունում գործող  արհեստակցական կազմակերպությունը զգալի ֆինանսական միջոցների է տիրապետում, այդ միջոցները կառավարելու նպատակով ճնշումներ է գործադրել ինչպես տեղի արհեստակցական կազմակերպության ղեկավարի, այնպես էլ ճյուղային արհմիության ղեկավարության վրա, միաժամանակ արգելվել է անդամավճարի փոխանցումը արհեստակցական կազմակերպությանը։ Մի քանի ամիսների ընթացքում տարբեր հնարքներով, աշխատողների վրա ազդելով, կարողացան կազմակերպել արհեստակցական կազմակերպության նախագահի փոփոխությունը, որից հետո վերջնականորեն դադարեցվեց արհեստակցական կազմակերպության գործունեությունը։ ՊՊԳՎ ղեկավարությունը իր բոլոր գործողություններով խախտել է թիվ 135 Կոնվենցիայի հոդված 1-ը, որի համաձայն «Ձեռնարկությունում աշխատավորների ներկայացուցիչներն օգտվում են արդյունավետ պաշտպանությունից ընդդեմ իրենց վնաս պատճառող ցանկացած գործողության, ներառյալ՝ աշխատանքից հեռացումը՝ որպես աշխատավորների ներկայացուցիչ կամ միության անդամ կամ միության գործունեությանը մասնակից, իրենց ունեցած կարգավիճակի կամ գործունեության հիմքով, եթե նրանք գործում են գոյություն ունեցող օրենսդրությանը կամ կոլեկտիվ պայմանագրերին կամ այլ համատեղ համաձայնեցված պայմաններին համապատասխան»:

Նույն Կոնվենցիայի խախտումը տեղի է ունեցել  2018 թվականին Արմավիրի մարզպետարանում մարզպետ Միրիջանյանի կողմից երկու աշխատողների ներկայացուցիչների սպառնալիքով պարտադրվել է դիմում գրել և հեռանալ աշխատանքից և նրանք չունենալով պաշտպանվելու ոչ մի հնարավոր միջոց, հեռացել են:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը  թույլ չի տվել մեր արհմիության ներկայացուցիչներին ժողով անցկացնել աշխատակիցների հետ և խորհուրդ է տվել դրա փոխարեն հեռուստացույցով դիմել աշխատողներին։

Չնայած՝ ազգային օրենսդրությամբ, մասնավորապես՝ Աշխատանքային օրենսգրքով սահմանված են նորմեր ապահովելու ԱՄԿ թիվ 154 «Կոլեկտիվ բանակցություններին աջակցելու մասին» Կոնվենցիայի կիրարկումն, սակայն  չկան բավարար մեխանիզմներ դրանք կիրառելու  և պրակտիկայում այդ նորմերը հաճախակի խախտվում են։ Օրինակ՝ բոլորովին վերջերս, 2019 թվականի հունիսի 1-ին Մատենադարանի աշխատողների արհեստակցական կազմակերպությունը միջնորդագիր է ներկայացրել գործատուին, որով աշխատողների աշխատանքային պայմանների վերաբերյալ պահանջներ է առաջադրել։ Աշխատանքային օրենսգրքի  հոդված 65-ի, 66-ի և Արհեստակցական միությունների մասին օրենքի  համաձայն, գործատուն պարտավոր է քննարկել ստացված պահանջները և դրանք ստանալուց հետո` յոթ օրվա ընթացքում, ընդունել գրավոր որոշում և դա տրամադրել պահանջներ առաջադրողին, սակայն գործատուն չի արձագանքել գրությանը, ավելին աշխատակիցների հետ  հանդիպման ժամանակ հայտարարել է, որ հրաժարվում է բանակցել  արհեստակցական կազմակերպության հետ, քանի որ նրանում միավորված չեն աշխատողների մեծամասնությունը։

Վերը նկարագրված և նմանատիպ այլ դեպքեր Հայաստանի Հանրապետությունում բազմաթիվ են և դրանք ապացուցում են, որ չնայած օրենսդրությունը նախատեսում է որոշակի  կարգավորումներ, սակայն բացակայում են այն մեխանիզմները, որոնք պետք է ապահովեն օրենքների կիրառումը։

%d bloggers like this: