Ինչպես հայտնի է, անցյալ տարի հարկային օրենսգրքում փոփոխություններ են կատարվել, համաձայն որի, սկսած 2023 – 2025 թվականներից, աստիճանաբար, բոլոր ֆիզիկական անձինք պարտավոր են լինելու իրենց եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնել։
Ընդ որում՝ հայտարարագիրը ներկայացնելու արդյունքում ֆիզակական անձանց փոխհատուցվելու են այսպես կոչված “սոցիալական ծախսերը”։ Համաձայն Հարկային օրենսգրքի 147․1 հոդվածի՝ սոցիալական ծախսեր են համարվում հարկային տարվա ընթացքում ֆիզիկական անձի և իր ընտանիքի անդամների համար առողջապահության, կրթության և բնակարանային ապահովության գծով ծախսերը։ Նույն հոդվածը սահմանում է, որ սոցիալական ծախսերի տեսակների առանձին ուղղությունները և փոխհատուցման առավելագույն չափերը սահմանում է Կառավարությունը:
Մայիսի 25-ին Ֆինանսների նախարարության կողմից որոշման նախագիծ է շրջանառել, որով սահմանվում են այդ սոցիալական ծախսերի տեսակները և փոխհատուցման առավելագույն չափերը։ Կարծում ենք, որ նածագածում որոշ դրույթներ խնդրահարույց են։ Մասնավորապես, նախագծի մեջ առողջապահության ծախսը սահմանվում է որպես “ապահովագրական ընկերությունից առողջապահական ապահովագրության փաթեթ գնելու ծախս” և այն փոխհատուցելու առավելագույն չափը 50 000 դրամ է։
Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունն իր առաջարկն է ներկայացրել նախագծի վերաբերյալ։ Մասնավորապես, նշել ենք, որ առաջարկվող եզրույթները շփոթմունք են առաջացնում և չեն համապատասխանում Հարկային օրեսգրքի 147.1 հոդվածի եզրույթների հետ: Այսպես՝ առողջապահության գծով կատարված ծախսը սահմանվում է որպես առողջության ապահովագրության ծառայություն գնելու ծախս, այնինչ, առողջապահությունը և առողջապահության ապահովագրությունը բացարձակապես տարբեր հասկացություններ են, որոնք իրար հետ առընչություն չունեն: Ոչ կյանքի ապահովագրության ծառայությունները, անկախ նրանից, թե ինչ են դրանք ապահովագրում՝ առողջություն, գույք թե այլ բան, հանդիսանում են առանձին կատեգորիայի ծառայություններ և կապված չեն ապահովագրման առարկայի հետ: Այսպիով, ոչ կյանքի ապահովագրության ծառայությունները կարգավորվում են «Ապահովագրության և ապահոգրական գործունեության մասին» ՀՀ օրենքով և կապված չեն առողջապահության հետ, ուստի սխալ է առողջապահության ծառայությունը նույնացնել ապահովագրական ծառայության հետ:
Առաջարկում ենք անհամապատասխանությունը շտկելու նպատակով համապատասխան փոփոխություններ կատարել թե՛ նախագծում, թե՛ Հարկային օրենսգրքի 147.1 հոդվածում: Եթե կառավարությունը գտնում է, որ այս պահին կարող է ֆիզիկական անձանց փոխհուցել միայն ապահովագրական ծախսերը, ապա Հարկային օրենսգրքի 147.1 հոդվածում-ի 1-ին մասում «առողջապահության» բառից հետո առաջարկում ենք ավելացնել «առողջության ապահովագրության» բառերը և համապատասխան փոխել նախագծի Հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետի սահմանումը: Այլապես, առաջարկում ենք նախագծում առոջապահության գծով սոցիալական ծախսը սահմանել որպես առողջապահական ծառայություններից օգտվելու ծախս, միաժամանակ Հավելվածի 3-րդ կետում սահմանելով, որ այդ ծախսի հիմնավորման համար բավարար է բժշկական հաստատության կողմից տրված ՀԴՄ կտրոնը:
Կառավարության որոշման վերոնշյալ նախագիծը ընդունվեց 2023թ․ հունիսի 29-ին։ Կոչ ենք անում կառավարությանը հաշվի առնել արհմիության առաջարկները և որոշման մեջ կատարել համապատսխան փոփոխությունները։
