Պետական ոլորտում արհմիությունների իրավունքների խախտումներ. Էկոնոմիկայի նախարարություն

Պետական ոլորտում արհմիությունների իրավունքների խախտումներ. Էկոնոմիկայի նախարարություն

Խոստացել էինք այսուհետ հրապարակել պաշտոնյաների կողմից արհմիության իրավունքների խախտման դեպքերը:
Վերջերս գրություն ենք հղել Էկոնոմիկայի նախարարության ղեկավարությանը՝ քանի որ նախարարության ղեկավարությունը կասեցրել էր նախարարության աշխատողների արհմիության անդամների անդամավճարների գանձման և արհմիությանը փոխանցելու գործընթացը:
Որևէ գրավոր պատասխան չստանալու պատճառով կրկին անգամ դիմեցինք արդեն նախարարին, նկարագրելով խնդիրը և խնդրելով Ճյուղային արհմիության նախագահի հետ հանդիպում ունենալ՝ ստեղծված իրավիճակը քննարկելու համար:

Նախարարի կողմից ստացված պատասխանում ամբողջովին արհամարհվել էր հանդիպում կազմակերպելու խնդրանքը: Բացի այդ, պատասխան նամակում տեղ էր գտել ուշագրավ մի նախադասություն, որտեղ ասվում է «աշխատողների շրջանում նախնական հարցումները վեր են հանել արհմիության աշխատանքի հետ կապված դժգոհություններ»: Այս նախադասությունը, փաստորեն, հանդիսանում է ինքնախոստովանություն, որ նախարարության ղեկավարությունը միջամտել է արհմիության ներքին ադմինիստրատիվ գործունեությանը և փորձ է արել ազդեցություն գործել դրա վրա, ինչը թե՛ տեղական, թե՛ միջազգային օրենսդրությամբ կոպիտ իրավախախտում է: Գործատուն իրավասություն ՉՈՒՆԻ արհմիության աշխատանքի ուսումնասիրություններ անել, կամ դրա գործունեությանը գնահատականներ տալ. դա որակվում է որպես միջամտություն և ճնշում գործադրելու փորձ:

Ինչ վերաբերվում է բուն խնդրին՝ անդամավճարների գանձումը կասեցնելուն, նախարարությունը բնականաբար ժխտեց իր դերը՝ պատճառաբանելով, որ դա եղել է հենց արհմիության անդամների կամքը:
Սա նույնպես պետական պաշտոնյաների կողմից ամենատարածված արդարացումներից մեկն է՝ շահարկել արհմիության անդամների կամավորության սկզբունքը: Այնուամենայնիվ, արհմիության անդամների զանգավածայնորեն հրաժարվելը արհմիության անդամակցությունից սովորաբար լինում է հենց գործատուի նախաձեռնությամբ, նրա բանավոր խորհրդով, կամ հենց վերը նշված «արհմիության աշխատանքի գործունեությունը» ուսումնասիրելու և գնահատականներ տալու պատճառով:

Discover more from Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading