Արհմիության վերաբերմունքն Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի հայտարարությունների վերաբերյալ

Արհմիության վերաբերմունքն Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի հայտարարությունների վերաբերյալ

Վերջերս, Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը «Լրագիր» կայքին տրված հարցազրույցում նշել է՝ «միշտ դժվար է գտնել այն սահմանը, թե որտեղ է վերջանում աշխատողի իրավունքն ու որտեղ է սկսվում բիզնեսինը: Եթե մենք չենք կարողանում այդ սահմանը գտնել, ապա ավելի լավ է մի փոքր տուժի աշխատողի իրավունքը, քան բիզնեսի, որովհետև դա ուղիղ ազդում է նաև ներդրումների վրա: Երբ շատ է ֆետիշացվում աշխատողի իրավունքը, ներդրողն էլ չի ուզում գալ այդ երկիր, որտեղ իր կյանքը բացի հարկայինից սկսում են ուտել նաև աշխատանքային տեսչությունը և այլ կառույցներ»: Փաստորեն, նա բացահայտ հանդես է գալիս ներդրողների շահերից, տարածելով մի կասկածելի թեզ, որ ներդրողը չի գա այնտեղ, որտեղ պաշտպանված են աշխատողների իրավունքները։ Սահմանները, որի մասին նա խոսում է շատ պարզ են և օրենքով ամրագրված։ Իսկ Տեսչական մարմնի ֆունկցիան զուտ օրենքով առաջնորդվելն է, այնպես որ այստեղ իրավունքների միջև “սահմաններ գտնելու” որևէ դժվարություն չկա: Զարգանում են այն երկրները, որոնց իշխանությունները հարգում են իրենց քաղաքացիների իրավունքները և դրանք չեն ստորադասվում օտարերկրյա ներդրողի շահերին։

Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի մոտ 12000 աշխատողների շահը ներկայացնող արհմիությունը իր վրդովմունքն է հայտնում առ այն, որ պետական պաշտոնյան Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացուն, աշխատող մարդուն բացահայտ հակադրում է, նույնիսկ ստորադասում է բիզնեսին ու ներդրումներին։ Նման պահվածքը դեմ է հեղափոխության որդեգրած արժեքներին։ Այս մասին փետրվարի 18-ին մեր արհմիությունը գրություն է հղել վարչապետին՝ հայտնելով իր վրդովմունքն ու մտահոգությունն առ այն, որ վերը նշված պաշտոնյայի գաղափարները ճիշտ հակառակն են այն արժեքներին, որոնց կրողը պետք է նա լինի:

%d bloggers like this: