Հունիսի 11-ին ՀԱՄԿ-ի դահլիճում Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության ներկայացուցիչները՝ ճյուղային միության նախագահ Ա․Ասատրյանը, խորհրդի անդամներ Ռ․Օհանջանյանը, Ա․Հովհաննիսյանը, Մ․Պետրոսյանը, Գ․Գևորգյանը, Մ․Կիրակոսյանը, Ս․Դոխոյանը ընդունեցին Ռուսաստանի պետական հիմնարկների աշխատողների Ռոստովի մարզային արհմիության երեսուն անդամից բաղկացած պատվիրակությանը։
Պատվիրակության կազմում ընդգրկված էին Ռոստովի մարզի տարածքային և առաջնային արհմիութենական կազմակերպությունների ղեկավարներ։ ՃՀՄ նախագահ Անահիտ Ասատրյանը ներկայացրեց Հայաստանում արհմիությունների կառուցվածքը, օրենսդրությունը, կատարվող աշխատանքները։ Խոսվեց սոցիալական գործընկերության, կոլեկտիվ պայմանագրերի կնքման կարևորության մասին։
Խոսվեց նաև հեղափոխության ժամանակ ու հեղափոխությունից հետո կոլլեկտիվների մեջ արհմիության նկատմամբ տրամադրությունների մասին։ Նշվեց, որ նոր պաշտոնյաներից որոշները գիտեն ու պատկերացնում են արհմիության դրական ազդեցությունը աշխատանքային միջավայրի վրա, բայց կան նաև նոր ղեկավարներ, որոնք արհմիության մասին թերի պատկերացումներ ունեն։ Իրազեկումն ու արհմիութենական կրթությունը ոչ միայն ղեկավարների, այլև աշխատողների շրջանում ոլորտներց մեկն է, որտեղ ճյուղային արհմիությունը մեծ աշխատանք է տանում։
Ռուսաստանի պետական հիմնարկների աշխատողների Ռոստովի տարածքային արհմիության նախագահ Տատյանա Շերբաչենկոն իր հերթին ներկայացրեց իրենց մարզային արհմիության կառուցվածքը, անդամներին, մարտահրավերները։
Հանդիպման մասնակիցները ջերմ ընկերական միջավայրում փոխանակվեցին հուշանվերներով ու բարեմաղթանքներով։