Ավարտվեց PSI համագումարը

Ավարտվեց PSI համագումարը

Շվեյցարիայի Ժնև քաղաքում ավարտվեց հոկտեմբերի 30 – նոյեմբերի 3 տեղի ունեցած Public Service International-ի (PSI) համագումարը։ Ամբողջ աշխարհի 20 միլիոն պետական ու հանրային ծառայողներին միավորող այս արհմիության 110-ամյակին նվիրված 30-րդ համագումարը այս անգամ ընթացավ «Մարդիկ եկամտից առավել են» խորագրի ներքո։ Համագումարի ընթացքում վերընտրվեցին PSI գլխավոր քարտուղարն ու նախագահը, հաստատվեցին կանոնադրական փոփոխություններ, ընդունվեցին բազմաթիվ բանաձևեր, և առաջիկա հինգ տարիների գործողությունների ծրագիրը, տեղի ունեցան մի շարք պանելային  քննարկումներ։

Մարդիկ՝ եկամտից առավել

 ՄԱԿ-ի սոցիալական զարգացման հետազոտական կենտրոնի աշխատակից Մագդալենա Սեպուլվեդան նշեց, որ բռնապետությունների հետքերը մինչ այժմ սփռված են հասարակությունների վրա։ Աղքատության, սովի ու անհավասարության մակարդակներն ամեն տեղ աճում են, ակտիվիստները ենթարկվում են ճնշումների, բնիկ ժողովուրդները՝ խտրականությունների, իսկ խոշոր կորպորացիաները շարունակում են շահագործել ու առգրավել հանրային հողերն ու ռեսուրսները։ Նրա խոսքով, այս ամենի դեմ պայքարելու համար մենք պետք է վերջապես դուրս գանք մեր կոմֆորտի գոտուց, համագործակցենք միջազգային գործընկերների հետ և համախմբեմք ուժերը պրոգրեսիվ ուժերի հետ՝ դիմադրելու քայքայողական քաղաքականությանը։

  Մեր առողջությունը չի վաճառվում

 Առողջապահական համակարգի սեփականաշնորհումը և շուկայականացումը բերել է նրան, որ տարեկան ավելի քան 150 միլիոն մարդ ծանր ֆինանսական վիճակի մեջ է հայտնվում առողջապահական ծախսերը հոգալու պատճառով, իսկ 2 միլիոն երեխա մահանում է անմատչելի առողջապահության հետևանքով։ Ավստրալիայի արհմիության ներկայացուցիչները պատմեցին, որ սեփականաշնորհման դեմ իրենց համառ ու երկարատև պայքարի  շնորհիվ հասել են նրան, որ 6 հիվանդանոցներից 5-ը թողել են պետության ենթակայության տակ։

Նիգերիայի արհմիութենականները պատմեցին, որ Էբոլայի ճգնաժամի հաղթահարման հիմնական բեռը նույնպես ընկել է արհմիութենականների վրա, չնայած որ շատերը հետագայում պատժվել են իշխանության կողմից՝ քայքայված բուժհամակարգը բացահայտելու համար։

 Հանրային ծառայությունը արդար տնտեսության մեջ

 Այս քննարկման ընթացքում ընդգծվեց, որ հանրային ծառայությունները ավելի մեծ դեր ունեն, քան մենք պատկերացնում ենք։ Նրանք նշանակություն ունեն ինչպես տեղական հանրության, այնպես էլ կայուն հասարակության համար։ Հարավաֆրիկյան Հանրապետության Քաղաքային համալսարանի տնտեսագետ Էնն Պետտիֆորը նշեց, որ մենք չպետք է թողնենք, որ խոշոր ընկերությունները դուրս հանեն իրենց փողերը դեպի օֆշորներ։ Այդ փողերը պետք է հետ վերադարձվեն։ Նրանք իրենց վեր են դասում ժողովրդավարական սկզբունքներից, իսկ երբ գալիս է հարկեր վճարելու և հաշվետու լինելու պահը, հօդս են ցնդում։ Եվ այս ամենի հետ պայքարելու համար մեծ դեր պետք է ունենան հանրային սեկտորը և հանրային ծառայողը։

 Այլ պանելային քննարկումների ընթացքում խոսվեց նաև կոշտ խնայողության, նեոլիբերալ քաղաքականությունների և այլ օրհասական պրոբլեմների մասին։ Մասնավորապես, երբ խոսքը գնում է բարեկեցության, սոցիալական ապահովության, ֆինանսական կայունության, բժշկության և այլ թեմաների մասին, կառավարություններն իրենց ցուցաբերում են չխառնվողի և լիբերալի դերում, հայտարարելով, որ մարդիկ իրենք՝ բիզնեսի և մասնավորի օգնությամբ ազատ են տնօրինելու իրենց կյանքը։ Սակայն այլ դաշտերում, ինչպիսիք են ժողովրդավարությունը, գենդերային խնդիրները, կրոնը և այլն, նույն կառավարությունները հանկարծակի դառնում են մեր փոխարեն որոշումներ կայացնող։

Համագումարի ընթացքում հնչեցին նաև մի շարք ուղերձներ՝ կապված ԱՄՆ և Հյուսիսային Կորեայի միջև միջուկային լարվածության, գլոբալ առևտրային համաձայնագրերի և Թուրքիայում ստեղծված իրավիճակի հետ։

%d bloggers like this: