Կյանքից հեռացավ մեր բոլորի կողմից հարգված ընկեր Ջուլիետտա Գրիգորյանը

Ջուլիետտա Գրիգորյանը

Այդպիսին էր նա, մեր լավագույն ընկերն ու բարեկամը` ՋՈՒԼԻԵՏՏԱ ԳԱՐՈՒՇԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:Ապրեց քիչ, բայց՝ սիրով ու հարգանքով շրջապատված: Գիտեր հարգել, գիտեր նվիրել, գիտեր հավատալ ու սիրել: Չէր սիրում կեղծիքն ու քծնանքը, ավելին` ատում էր խարդավանքն ու երեսպաշտությունը: Ու միշտ նեցուկ էր խղճին: Ամենադժվարին պահին անգամ կողմնորոշվում էր ճիշտ: Օրենքի մարդ էր, օրենքը հարգող, օրենքին նվիրված:

Այլևս մեզ հետ չէ իր գործին անմնացորդ նվիրված հմուտ կազմակերպիչը, աշխատանքային շահերի հետևողական պաշտպանը, վառ հոգու տեր մեր ընկերը: Սիրտն այլևս ընկրկեց` թողնելով բազում անավարտ գործեր, հոգսեր, բարի ու անմոռաց հուշեր…

Որպես արհմիութենական` մշտապես հանդես է բերել նվիրվածություն, կազմակերպվածություն, գործի նկատմամբ բարձր պատասխանատվություն. ակտիվի շրջապատում նրա հարգանք անսահման էր: Քննարկվող հարցերի բազմակողմանի վերլուծությունը, անաչառությունը բարի ակնածանք են թողել ոչ միայն ներարհմիութենական, այլև ճյուղային արմիության շրջանակներում. նրա արհմիութենական բծախնդիր աշխատանքը միշտ գնահատանքի է արժանացել ճյուղային արհմիության կողմից: Անշուշտ, դա էր կարճ ժամանակահատվածում խորհրդի ու անդամների շրջապատում գնահատված ու հարգված լինելու երաշխիքը…

Սրտակից ընկերոջ ու հոգեհարազատ մարդու հիշատակը ընդմիշտ կմնա նրա երկու դուստրերի, հարազատների ու նրան ճանաչող բոլոր-բոլորի սրտերում…