Պետհիմնարկների արհմիությունը նամակով դիմեց ՀՀ վարչապետ Հ․ Աբրահամյանին` առաջարկելով զերծ մնալ հաստիքների կրճատումից

Պետհիմնարկների արհմիությունը նամակով դիմեց ՀՀ վարչապետ Հ․ Աբրահամյանին` առաջարկելով զերծ մնալ հաստիքների կրճատումից

Պետհիմնարկների ճյուղային արհմիության հուլիսի 7-ի նախպագահության նիստին քննարկվեց ՀՀ վարչապետի կողմից հնչեցրած ախսերի օպտիմալացնման շրջանակներում հաստիքների կրճատման և այդ պրոցեսը ներքև իջեցնելու մասին կառավարության մտադրությունը։ Որոշում ընդունվեց նամակով դիմել ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանին` առաջարկելով զերծ մնալ հաստիքների կրճատումից:

Նամակում ասվում է`

Մեծարգո պարոն վարչապետ,

ՀՀ կառավարության 12.05.2016թ. նիստում Ձեր հնչեցրած միտքը` արդյունավետ պետություն դառնալու և դրա իրականացման նպատակով ծախսերի օպտիմալացման գործընթաց սկսելու մասին, անառարկելի է,  ու ընդունվել է հասարակության կողմից: Եվ այդ համատեքստում առավել ընկալելի է այն ծախսերի կրճատումը, որոնք էական ազդեցություն չունեն վերջնական արդյունքի վրա, և իրոք, դրանց շրջանակը փոքր չէ:

Սակայն ծախսերի օպտիմալացման կապակցությամբ Գյումրիում Ձեր հայտարարությունն այն մասին, որ հաստիքներ են կրճատվել և կրճատվելու են, ու այդ պրոցեսը իջնելու է ներքև, որոշակի մտահոգություն է առաջացրել, հատկապես, միջին և ստորին օղակների աշխատողների շրջանում:

Հարգարժան պարոն Աբրահամյան, մեր կառույցում ընդգրկված են հանրային ծառայողներ և պետական ոլորտի այլ աշխատողներ, որոնք մեզ հետ վերջին հանդիպումների ժամանակ մշտապես բարձրացնում են հաստիքների կրճատման խնդիրը: Առանց աշխատանքի, հետևապես, առանց ապրուստի միջոցների մնալու հեռանկարից մարդիկ խիստ անհանգստացած են:

Մեր ճյուղային  միության ակտիվի, ինչպես նաև արհմիութենական  կազմակերպությունների շարքային անդամների կողմից վերոհիշյալ խնդրի հաճախակի արծարծումը պատճառ դարձավ, որպեսզի այն քննարկվի ճյուղային միության նախագահության նիստում: Քննարկումների ընթացքում նախագահության անդամները ևս մտահոգություն հայտնեցին կրճատումների արդյունքում սպասվելիք հետևանքների կապակցությամբ,  որոնք սոցիալ-տնտեսական այս դժվարին պայմաններում կարող են մեծապես նպաստել սոցիալական լարվածության էլ ավելի մեծացմանը:

Հաստիքների կրճատմամբ կհամալրվի գործազուրկների բանակը, ինչն էլ, անկասկած, պատճառ կդառնա արտագաղթի, իսկ արտագաղթը լրջագույն մարտահրավեր է նաև մեր ազգային գենոֆոնդին:

Միաժամանակ, հարկ եմ համարում հղում կատարել ՀՀ կառավարության, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և Հայաստանի գործատուների հանրապետական միության միջև կնքված եռակողմ կոլեկտիվ պայմանագրի դրույթներին, որոնցով սոցիալական գործընկերության շրջանակներում կողմերը որոշակի պարտավորություններ են ստանձնել աշխատողների սոցիալ-աշխատանքային և դրա հետ կապված սոցիալ-տնտեսական խնդիրների կարգավորման ուղղությամբ, որոնք միտված են լինելու արդյունավետ և կայուն զբաղվածության խթանմանը, գործազրկության մակարդակի կրճատմանը, սոցիալական պաշտպանվածության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Հարգարժան պարոն վարչապետ, ճյուղային միության նախագահության և մեր համակարգի արհմիության բոլոր անդամների անունից առաջարկում եմ Ձեզ հանձնարարել վերստին ուսումնասիրել և վերլուծել ծախսերի օպտիմալացման գործընթացը` շրջանցելով հաստիքների կրճատումը, ինչը ևս մի հնարավորություն է երկրում սոցիալական համերաշխության հասնելու համար:             Վստահ եմ, որ կառավարության միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից պետական ապարատի օպտիմալացման վերաբերյալ ներկայացվելիք առաջարկները Ձեր կողմից ևս մեկ անգամ բազմակողմանիորեն կվերլուծվեն և իրավիճակին համապատասխան ու իմաստուն լուծում կտրվի:

%d