Ապրիլի 6-ին տեղի ունեցավ ՀԱՄԿ-ի գործկոմի արտահերթ նիստը, որը սկսվեց մեկ րոպե լռությամբ` հարգելով վերջին օրերին Ղարաբաղյան հակամարտության զոհերի հիշատակը:
ՀԱՄԿ-ի գործկոմի արտահերթ նիստի որոշմամբ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան երեք մլն. դրամ օգնություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արհմիությունների ֆեդերացիային` վերջին օրերին ադրբեջանական ռազմական գործողությունների հետևանքները կրող արհմիության անդամներին մարդասիրական օգնություններ տրամադրելու նպատակով:
Ավելի վաղ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան հայտարարություն էր տարածել, որում դատապարտում էր ադրբեջանական իշխանությունների՝ ռազմական գործողություններ սկսելու ագրեսիվ և հանցավոր որոշումը: Հայտարարությունում մասնավորապես ասվում է.
«Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան արձագանքելով ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաև խաղաղ բնակչության ուղղությամբ Ադրբեջանի կողմից ծանր տեխնիկայի և օդուժի կիրառմամբ ձեռնարկված ակտիվ հարձակողական գործողությունների փաստին, իր մտահոգությունն է հայտնում ռազմական գործողությունների անկանխատեսելի հետևանքների կապակցությամբ:
ՀԱՄԿ-ը դատապարտում է ադրբեջանական իշխանությունների՝ ռազմական գործողություններ սկսելու ագրեսիվ և հանցավոր որոշումը, որն արդեն իսկ ԼՂՀ խաղաղ բնակչության և զինվորականների շրջանում հանգեցրել է բազմաթիվ զոհերի ու վիրավորների:
ՀԱՄԿ-ը խորապես ցավակցում է զոհված բնակիչների և զինծառայողների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում:
Մենք լիահույս ենք, որ ՄԱԿ-ը և միջազգային այլ կառույցները միջոցներ կձեռնարկեն կանխելու Ադրբեջանի կողմից տարածաշրջանում վերսկսած լայնածավալ պատերազմական գործողությունները»: