Արհմիությունների միջազգային ֆեդերացիայի նախորդ տարին ամփոփվեց Հայաստանում
Հայաստանի պետհիմնարկներ, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների ճյուղային հանրապետական արհմիությունն այս տարվա մայիսի 25-28-ը հյուրընկալեց Պետական հիմնարկների և հասարակական սպասարկման աշխատողների արհմիությունների միջազգային ֆեդերացիայի (ԱՄՖ) խորհրդի անդամներին: Ժամանողները Բելառուսի, Մոլդովայի, Ուկրաինայի, Վրաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Լատվիայի, Իսրայելի պետական հիմնարկների աշխատողների արհմիությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ էին:
Մայիսի 27-ին կայացած նիստում բացման խոսքով և մասնակիցներին արդյունավետ աշխատանքի մաղթանքներով հանդես եկավ ԱՄՖ նախագահ Վլ. Սավչենկոն:
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Է. Թումասյանը նիստում ևս հանդես եկավ ելույթով` ընդգծելով Հայաստանի պետհիմնարկների հանրապետական արհմիության դերը հանրապետության արհմիութենական շարժման մեջ:
Նիստին մասնակցում էին նաև ճյուղային հանրապետական արհմիության 2003-2013թթ. նախագահ Ե.Հակոբովան, ԱՄՖ աշխատակազմի ներկայացուցիչներ, Հայաստանի պետհիմնարկների արհմիության խորհրդի և նախագահության անդամներ, «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Լ. Բադալյանը:
Օրակարգային հարցերի շրջանակում խորհրդի անդամները քննարկեցին Արհմիությունների միջազգային ֆեդերացիայի անդամ երկրների արհմիութենական խնդիրները, անդամ կազմակերպություններում էլեկտրոնային միասնական շտեմարանը զարգացնելու անհրաժեշտությունը, ամփոփեցին տարեկան վիճակագրական տվյալները, ֆեդերացիայի նախորդ տարվա եկամուտներն ու ծախսերը, հաստատեցին 2015-ի տարեկան բյուջեն, ներկայացվեցին ԱՄՖ անդամ երկրների սոցիալ-տնտեսական խնդիրները, առաջարկվեցին արհմիությունների կողմից դրանց լուծման ուղիներ, խրախուսվեցին արհմիության անդամների թվաքանակի զգալի աճ գրանցած երկրների ամիությունների ղեկավարները և այլն:
Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Ա. Ասատրյանն իր ելույթում առավել հանգամանորեն ներկայացրեց այն խնդիրները, որոնք այսօր ունեն Հայաստանի պետհիմնակներում աշխատողները: ՃՀՄ նախագահն անդրադարձավ նաև նախորդ տարում իրականացված արհմիութենական միջոցառումներին ու հետագա ծրագրերին, կարևորեց արհմիության երիտասարդական թևի ձևավորումը և այլն:
Ա.Ասատրյանի ամբողջական ելույթը ներկայացվում է այստեղ: (Ռուսերեն տարբերակը՝ այստեղ)։
Օրակարգային բոլոր հարցերն ամփոփվեցին խորհրդի համապատասխան որոշումներով:
Նշենք նաև, որ նախորդ օրը ԱՄՖ պատվիրակության անդամները պաշտոնական հանդիպում են ունեցել Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Է.Թումասյանի հետ: Հանդիպման ընթացքում ՀԱՄԿ-ի նախագահ Է. Թումասյանը հյուրերին ծանոթացրել է ՀԱՄԿ-ի կառուցվածքին, գործառույթներին, հանրապետությունում արհմիության առջև ծառացած խնդիրներին, կարևորել է ՀԱՄԿ-ի երիտասարդ կադրերի պատրաստվածության խնդիրը և այլն:
Մտքերի փոխանակության ընթացքում հյուրերը առաջարկել են համագործակցությունը դարձնել շարունակական:
Պաշտոնական միջոցառումներից զատ հյուրերը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ծանոթացել են ցեղասպանության պատմությանը, այցելել են Հայաստանի պատմամշակութային այլ վայրեր: