ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐՀՄԻՈՒԹԵՆԱԿԱՆՆԵՐԻՆ ԱՅՍ ԱՆԳԱՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ԴԻԼԻՋԱՆԸ: Հանրապետության մարզերի պետհիմնարկներում աշխատողների շրջանում արհմիության նշանակությունը տարածելու, երիտասարդությանն արհմիության կազմում ընդգրկելու գաղափարը այս անգամ մեզ տարավ Դիլիջան` Տավուշի մարզի և Սևանի տարածքի երիտասարդ արհմիութենականների շրջանում հասանելի դարձնելու արհմիության անդամակցության մոտիվացիան:
Իջևանի, Նոյեմբերյանի, Դիլիջանի, Սևանի տարածքներից «Հաղարծին» հյուրանոցային համալիրում համախմբված շուրջ 30 երիտասարդ արհմիութենականներ նոյեմբերի 2-3-ը տիրապետեցին արհմիության էությանը. արհմիությունից քիչ տեղյակ երիտասարդներն աստիճանաբար ներկայացրին իրենց պատկերացումներն արհմիության մասին, ինտերակտիվ մեթոդների օգնությամբ, ընդհանուր պատկերացում կազմեցին արհմիության գործառույթների, կառուցվածքի, մասնավորապես պետհիմնարկների աշխատողների արհմիության գործունեության ու իրականացվելիք աշխատանքների մասին, համոզվեցին, թե որքան կարևոր է արհմիության անդամների միասնականությունն ու համախմբվածությունը աշխատավայրում, առաջարկեցին տարածքներում հաճախակի հանդիպումներ կազմակերպել` աշխատողների առավել լայն շրջանակում արհմիությունը լուսաբանելու համար:
Մասնակիցները շնորհակալ եղան ճյուղային հանրապետական արհմիությանը նման նախաձեռնության համար, իսկ ՃՀՄ նախագահ Ա. Ասատրյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց “Ֆրիդրիխ Էբերտ” հիմնադրամի ներկայացուցիչ Լիանա Բադալյանին սեմինարը ֆինանսավորելու համար և մասնակիցներից ակնկալեց, որ արհմիության մասին ստացած իրենց պատկերացումները երիտասարդները մշտապես կկիսեն աշխատավայրերում ու կլինեն առավել համախմբված: