Նախագահության ընդլայնված նիստ, 7 հունիս, 2013

2013 թ. հունիսի 7-ին ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հարապետական միության ընդլայնված նիստ, որին բացի նախագահության անդամներից մասնակցեցին ՃՀՄ պաշտոնաթող նախագահ Ե. Հակոբովան, ՀԱՄԿ-ի նախագահ Է. Թումասյանը, արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Ս. Ղարախանյանը, ՃՀՄ նախագահության պատվավոր անդամ Կ. Խանգելդյանը, վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Դ. Շահինյանը, անդամ կազմակերպությունների շուրջ երկու տասնյակ նախագահներ:

Օրակարգային հարցերի շրջանակում քննարկվեց հանրապետությունում գազի գնի թանկացումը և մասնակիցների առաջարկությամբ որոշվեց նշված հարցով բաց նամակ հղել ՀՀ նախագահին, ՀՀ ազգային ժողովի նախագահին և ՀՀ վարչապետին:.

Մասնակիցները ամփոփեցին նաև այս տարվա մայիսմեկյան երթի արդյունքները, ՃՀՄ նախագահ Ա. Ասատրյանը իր երախտագիտությունը հայտնեց ճյուղային միության կողմից երթի բոլոր մասնակիցներին, իսկ այն նախագահներն, ովքեր առավել ակտիվ մասնակցություն են ունեցել երթին, արժանացան նախագահի գրավոր շնորհակալագրերին: ՀԱՄԿ-ի ղեկավարն էլ իր հերթին ողջունեց պետհիմնարկների արհմիության ակտիվ մասնակցությունը ոչ միայն մայիսմեկյան երթին, այլև նմանատիպ միջոցառումներին առհասարակ և շնորհակալություն հայտնեց Ա. Ասատրյանին պետհիմնարկների աշխատողներին համախմբելու, դրանով նաև արհմիութենական շարժմանը խթանելու համար:

ՃՀՄ նախագահը տեղեկացրեց, որ Արհմիությունների միջազգային ֆեդերացիան երկարամյա, ակտիվ և արդյունավետ աշխատանքի, տարբեր երկրների արհմիութենական համերաշխության և բարեկամության ամրապնդման գործում անձնական ներդրման համար Ե. Հակոբովան արհմիությունների միջազգային ֆեդերացիայի խորհրդի որոշմամբ արժանացել է ԱՄՖ պատվոգրի, որն էլ հանդիասավոր պայմաններում հանձնվեց Ե. Հակոբովային:

ՀԱՄԿ-ի նախագահ Է. Թումասյանը նշեց, որ Ե. Հակոբովան արհմիութենական աշխատանքում մեծ ներդրման համար արժանացել է նաև Արհմիությունների համընդհանուր համադաշնության բարձրագույն պարգևին` արծաթե մեդալի, որը Ե. Հակոբովային կհանձնվի ՀԱՄԿ-ի գործկոմի առաջիկա նիստում:

Ա.Ասատրյանը տեղեկացրեց նաև, որ ՃՀՄ-ն համալրվել է նոր անդամ կազմակերպությամբ, որը համախմբելու է Երևանի պետական հիմնարկների և հասարակական սպասարկման ոլորտի աշխատողներին:

Հնչեցին տարաբնույթ առաջարկություններ, քննարկվեցին հարցեր, ընդունվեցին համապատասխան որոշումներ: